✕

Տխրությունը կարող է այլ զգացողություններից 240 անգամ ավելի երկար տեւել

4 նոյեմբերի, 2014  11:17

Սիրելիի մահը, նրա հետ հարաբերությունների խզումը կամ ընդհանուր մելանխոլիկ վիճակը կարող է ծանր ազդեցություն թողնել՝ մարդու վրա, քանի որ, ինչպես գիտնականներն են պարզել, տխրությունը հաղթահարելու համար, ի տարբերություն մյուս զգացողությունների, մասնավորապես՝ ամոթի, զարմանքի, բարկության եւ նույնիսկ ձանձրույթի, 240 անգամ ավելի երկար ժամանակ է պահանջվում: Երեւույթի պատճառն այն է, որ տխրությունը մարդու կյանքի վրա ամենամեծ ազդեցությունը թողնող,  հետապնդող մտքերից ազատման ու իրականության ընկալման համար առավել երկար ժամանակ պահանջող իրադարձությունների՝ մահվան դեպքի, դժբախտ պատահարի հետ է զուգորդվում:

Տարբեր զգացողությունների ազդեցության չափն ու տեւողությունը պարզելու նպատակով Լյովենի (Բելգիա)  երկու համալսարաններ՝ Ֆիլիպ Վերդույնը եւ Սասկիա Լավրիջսենը զգացական դրվագների ու դրանց տեւողության վերաբերյալ հարցում են նախաձեռնել՝ 233 ուսանողների շրջանում: The Daily Mail-ի հաղորդմամբ, մասնակիցները նաեւ տարբեր զգացողությունների դեմ պայքարի ռազմավարական միջոցների վերաբերյալ հարցերի են պատասխանել:

Հավաքագրված տվյալների վերլուծության արդյունքում պարզվել է, որ առաջարկված 27 զգացողոթյուններից ամենաերկարը տխրությունն է տեւում, մինչդեռ ամոթը, զարմանքը, վախը, զզվանքը, ձանձրույթը, հուզմունքը, բարկությունը եւ թեթեւության զգացումն անհամեմատ ավելի արագ են անցնում: Մասնավորապես, տխրությունից ազատվելու համար միջինը 120 ժամ է հարկավոր, իսկ ահա զզվանքն ու ամոթը հաղթահարելու նպատակով 30 րոպեն էլ կարող է բավական լինել:

Ատելությունը 60 ժամ է տեւում, հրճվանքը՝ 35:

Ձանձրույթը եւս կարճ զգացողությունների շարքին է դասվել: Հետազոտությունը հեղինակած պրոֆեսորների մեկնաբանմամբ, նույնիսկ եթե հաշվի առնելու լինենք, որ ձանձրույթի պահին ժամանակն անչափ դանդաղ է շարժվում, զգացողությունն, ընդհանուր առմամբ, չի կարող բավականաչափ երկար տեւել:

Motivation and Emotion ամսագրում նկարագրություն գտած հետազոտության արդյունքների համաձայն, այս կամ այն զգացողության տեւողությունը դրա առաջացումը հրահրած իրադարձության՝ մարդու կյանքի համար ունեցած կարեւորության մակարդակով է բնորոշվում: Ընդ որում, որքան հաճախ է տվյալ իրադարձությունը կամ դրա հետեւանքները հիշվում, այնքան զուգորդվող զգացողությունն առավել ազդեցիկ ու երկարատեւ կարող է դառնալ:

Գիտնականները նաեւ պարզել են, որ մեղավորության զգացումն ամոթից անհամեմատ երկար է տեւում, իսկ տագնապի զգացողությունն էլ՝ վախից:

«Զգացողությունների տեւողության կետրոնական որոշիչը մտորումներն են հանդիսանում: Որքան բարձր է դրանց տեւողությունը, այնքան տվյալ զգացողությունն էլ կարող է երկար տեւել», - մեկնաբանել է պրոֆեսոր Վերդույնը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում