Գտնվել է քաղցկեղի իմունաթերապիայի արդյունավետությունը բարձրացնելու միջոց

17 հուլիսի, 2025  15:17

Hominenteromicrobium YB328 անունով աղիքային բակտերիայի շտամը զգալիորեն ուժեղացնում է քաղցկեղի իմունոթերապիայի դեղամիջոցների արդյունավետությունը։ Այս եզրակացությանն են եկել ճապոնացի գիտնականները։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Nature ամսագրում։

YB328 շտամը նախկինում առանձնացվել է քաղցկեղով հիվանդների աղիքային միկրոբիոտայից, ովքեր տվյալ պահին անցել են իմունոթերապիա։ Գիտնականները հայտնաբերել են, որ այս բակտերիայի կրողների մոտ նկատվել է T-լիմֆոցիտների (ադապտիվ իմունիտետի առանցքային բջիջներ) բարձր ակտիվություն։ Դրանք կենտրոնական դեր են խաղում օրգանիզմի պաշտպանության գործում՝ վիրուսներից, բակտերիաներից, քաղցկեղային բջիջներից և այլ պաթոգեններից։

YB328-ի առկայությունը միկրոբիոտայում օգնել է իմունային բջիջներին ավելի ակտիվորեն ներթափանցել ուռուցքների մեջ և հետաձգել է հիվանդության զարգացումը։

Մկների վրա կատարված փորձերը ցույց են տվել, որ YB328 շտամի միկրոֆլորայի փոխպատվաստումը նույնպես ուժեղացնում է հակաուռուցքային իմունային պատասխանը։ Սա տեղի է ունենում հատուկ դենդրիտային բջիջների ակտիվացման հաշվին, որոնք գործարկում են T-բջիջների աշխատանքը։ Մինչդեռ մեկ այլ բակտերիա՝ P. vulgatus-ը, ընդհակառակը, նվազեցնում էր թերապիայի ազդեցությունը։

Հետազոտության հեղինակները կարծում են, որ միկրոբիոտան կարող է դառնալ իմունոթերապիայի հաջողության առանցքային գործոն։ Աղիքներում «ճիշտ» բակտերիաների պահպանումը պոտենցիալ հնարավորություն կտա բարձրացնել բուժման արդյունավետությունը և ընդլայնել այն հիվանդների շրջանակը, ովքեր «կարձագանքեն» դրան։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում