Նոր հետազոտությունը ցույց է տվել, որ Պարկինսոնի հիվանդությամբ տառապող մարդիկ ունեն յուրահատուկ հոտ, որը վարժեցված շները կարող են անսխալ զգալ մաշկի քսուքներում։ Medical Detection Dogs կազմակերպության և Բրիստոլի ու Մանչեսթերի համալսարանների հետ համատեղ իրականացված վերլուծությունը հրապարակվել է The Journal of Parkinson’s Disease ամսագրում։
Medical Detection Dogs բարեգործական կազմակերպությունը երկու շան է վարժեցրել՝ տարբերելու Պարկինսոնի հիվանդությամբ տառապող և առողջ մարդկանց ճարպագեղձերի քսուքները։ Կրկնակի կույր հետազոտության ընթացքում կենդանիները ցուցաբերել են մինչև 80% զգայունություն և մինչև 98% սպեցիֆիկություն։ Ավելին, նրանք հոտ են հայտնաբերել այլ հիվանդություններով տառապող պացիենտներից վերցված նմուշներում։
Շներին վարժեցրել են մի քանի շաբաթվա ընթացքում՝ օգտագործելով Պարկինսոնի հիվանդության դրական թեստով ավելի քան 200 մարդու հոտի նմուշներ և այս հիվանդությամբ չտառապող մարդկանց վերահսկիչ նմուշներ։ Նմուշները շներին են ներկայացվել հատուկ տակդիրի վրա, կենդանիները պարգևատրում են ստացել դրական նմուշը ճիշտ մատնանշելու և բացասականն անտեսելու համար։
Պարկինսոնի հիվանդության հայտնաբերման ճշգրիտ ախտորոշիչ թեստ մինչ օրս մշակված չէ, ուստի պոտենցիալ կենսանշիչների հայտնաբերումը կարող է օգնել ախտորոշմանն ու ժամանակին բուժմանը։
Ըստ Medical Detection Dogs ընկերության գլխավոր գիտաշխատող Կլեր Գեսթի՝ «Մենք շատ հպարտ ենք, որ շները կարող են բարձր ճշգրտությամբ հայտնաբերել հիվանդությունները։ Ներկայումս Պարկինսոնի հիվանդության վաղ հայտնաբերման թեստ գոյություն չունի, ախտանշանները կարող են ի հայտ գալ 20 տարի առաջ, քան դրանք կդառնան նկատելի և կայուն, ինչը կհանգեցնի ախտորոշման հաստատմանը։ Ժամանակին ախտորոշումը առանցքային նշանակություն ունի, քանի որ հետագա բուժումը կարող է դանդաղեցնել հիվանդության զարգացումը և թուլացնել ախտանշանները»։
Ըստ հետազոտության առաջատար հեղինակ Նիկոլա Ռունիի՝ «Շները ցուցաբերել են բարձր զգայունություն և սպեցիֆիկություն և ցույց են տվել, որ այս հիվանդությամբ պացիենտներն ունեն տարբերիչ հոտառական նշաններ։ Ես կարծում եմ, որ շները կարող են օգնել մեզ մշակել Պարկինսոնի հիվանդությամբ պացիենտների հայտնաբերման արագ, ոչ ինվազիվ և տնտեսապես արդյունավետ մեթոդ»։ Հետազոտությանը մասնակցել են ոսկեգույն ռետրիվեր և սև լաբրադոր։
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում