Ուշ ընթրիքը, հատկապես առատ, խանգարում է քուն մտնելուն։ Բացի այդ, մարդը լիարժեք չի հանգստանում մարսողության աշխատանքի պատճառով։ Նման սովորության ևս մեկ վաղուց հայտնի թերությունն այն է, որ օրգանիզմը չի մաքրվում վնասակար նյութերից, քանի որ այս գործառույթը նա պետք է իրականացնի հիմնականում հենց լիարժեք գիշերային հանգստի ժամանակ։
Բայց պարզվում է՝ սրանք ուշ ընթրիքի բոլոր թերությունները չեն։ eBioMedicine ամսագրում հրապարակված հետազոտությունը ցույց է տվել, որ ուշ ժամի խնջույքները հատկապես վտանգավոր են երեկոյան ակտիվության տիպ ունեցող մարդկանց՝ «բվերի» համար։
Մարդու սնուցման գերմանական ինստիտուտի գիտնականների խումբը վերլուծել է 46 զույգ երկվորյակների տվյալները, ինչը թույլ է տվել պարզել, որ «բվերի» մոտ ուշ ընթրիքի դեպքում արյան մեջ շաքարի մակարդակի ավելի կտրուկ բարձրացում է հրահրվում, հայտնում է Planet Today-ը։ Ինչը մեծացնում է նյութափոխանակության խանգարումների, մասնավորապես՝ դիաբետի ռիսկերը։
Գիտնականները կազմակերպել են հնգօրյա փորձ, որի ընթացքում մասնակիցներին հանձնարարվել է հաշվառել սննդի ընդունման ժամանակը և քանակը։ Զուգահեռաբար իրականացվել են նյութափոխանակության և գլյուկոզայի մակարդակի թեստեր։ Պարզվել է, որ նյութափոխանակության գործընթացները սերտորեն փոխկապակցված են օրգանիզմի կենսաբանական ռիթմերի հետ։ Արդյունքում, սննդի նույնանման ռացիոնը տարբեր կերպ է անդրադառնում առողջության վրա՝ կախված անձի քրոնոտիպից։
Հեղինակները խոստովանում են, որ հետազոտությունը կարճատև է և սահմանափակ ընտրանքով, և պահանջվում են ավելի լայնածավալ փորձեր։ Սակայն արդեն հիմա բժիշկները կարող են որոշակի եզրակացություններ անել՝ մշակելով սնուցման անհատական խորհուրդներ՝ հաշվի առնելով մարդու կենսառիթմերի առանձնահատկությունները։
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում