Nutrients․ Կալիումով հարուստ սննդակարգը կարող է նվազեցնել դեպրեսիայի ռիսկը

24 օգոստոսի, 2025  22:39

Նոր հետազոտությունը պարզել է, որ կալիումով հարուստ սննդակարգը կարող է նվազեցնել դեպրեսիայի ռիսկը, և դա հաստատվել է ԱՄՆ-ի և Հարավային Կորեայի տվյալներով։

ԱՀԿ-ի տվյալներով, աշխարհի չափահաս բնակչության մոտ 5 տոկոսը տառապում է դեպրեսիայից։ Թեև դրա զարգացման վրա ազդում են բազմաթիվ գործոններ, Nutrients ամսագրում գիտնականները նշել են, որ ուսումնասիրած յոթ հանքանյութերից՝ նատրիում, կալիում, ֆոսֆոր, մագնեզիում, երկաթ, ցինկ և կալցիում, կալիումը կայունորեն կապվում է դեպրեսիվ ախտանիշների ավելի ցածր հավանականության հետ երկու երկրներում։

ԱՄՆ-ում դեպրեսիայի ռիսկը լրացուցիչ նվազեցնում էր ցինկի ավելի մեծ օգտագործումը, իսկ Կորեայում՝ նատրիումինը, ինչը արտացոլում է սննդի մշակութային տարբերությունները։

Վերլուծությունը հիմնված է ազգային մասշտաբով իրականացված հետազոտությունների տվյալների վրա՝ KNHANES (Կորեա) և NHANES (ԱՄՆ), որոնք ներառել են ավելի քան 22 000 մասնակից։

Հանքանյութերի օգտագործումը գնահատվել է 24-ժամյա սննդային օրագրերի միջոցով, իսկ դեպրեսիան՝ հաստատված սկրինինգային սանդղակներով։ Գիտնականները հաշվի են առել բազմաթիվ գործոններ՝ տարիքից մինչև կենսակերպ՝ սննդակարգի և հոգեկան վիճակի միջև կայուն կապը բացահայտելու համար։

Կալիումի հնարավոր ազդեցության մեխանիզմը կապված է նյարդային ազդակների փոխանցման մեջ նրա դերակատարության հետ․ նատրիում-կալիում պոմպի միջոցով այն մասնակցում է նեյրոտրանսմիտերների՝ այդ թվում սերոտոնինի՝ հիմնական «ուրախության հորմոնի» կարգավորմանը։ Բացի այդ, կալիումով հարուստ հավասարակշռված սննդակարգերը նպաստում են բորբոքման նվազեցմանը և աղիքային միկրոբիոտայի առողջության պահպանմանը, ինչը նույնպես կարևոր է էմոցիոնալ բարեկեցության համար։

Մասնագետները ընդգծում են, որ, չնայած հետազոտության դիտարկող բնույթին և ուղիղ պատճառահետևանքային կապի բացակայությանը, կարելի է խորհուրդ տալ սննդակարգում ներառել կալիումով հարուստ մթերքներ՝ բանան, ավոկադո, ընդեղեն, կանաչ բանջարեղեն և կարտոֆիլ։ Նման սննդակարգերը կարող են դառնալ դեպրեսիայի ռիսկի նվազեցման հասանելի և անվտանգ ռազմավարություն։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում