Արհեստական բանականությամբ ստետոսկոպները կարող են վայրկյանների ընթացքում հայտնաբերել սրտի երեք լուրջ հիվանդություն, պնդում են բրիտանացի հետազոտողները։Դասական ստետոսկոպը, որը հայտնագործվել է դեռևս 1816 թվականին, բժիշկներին թույլ էր տալիս միայն լսել օրգանիզմի ձայները։
Ինչպես հաղորդում է BBC News-ը, Մեծ Բրիտանիայում մշակված ժամանակակից սարքը կարող է գործնականում ակնթարթորեն արձանագրել սրտային անբավարարություն, փականների հիվանդություններ և ռիթմի խանգարումներ։
Սարքն արտաքնապես նման է խաղաքարտի չափի փոքրիկ թիթեղի։ Ավանդական գլխիկի փոխարեն այն հագեցած է խոսափողով, որը հավաքում է սրտի ռիթմի և արյան հոսքի նրբագույն փոփոխությունները, որոնք մարդկային ականջը չի կարող տարբերել։ Միաժամանակ այն նկարում է էլեկտրասրտագրություն և տվյալները փոխանցում ամպային պահեստ, որտեղ ԱԲ ալգորիթմները, որոնք մարզված են տասնյակ հազարավոր հիվանդների վրա, վերլուծում են արդյունքները։
Լոնդոնի կայսերական քոլեջի և Imperial College Healthcare NHS Trust կլինիկայի ուսումնասիրությանը մասնակցել է ավելի քան 12 հազար մարդ 96 բժշկական կենտրոններից, որտեղ կիրառվել են Eko Health ֆիրմայի նոր ստետոսկոպները։ Համեմատության համար ներգրավվել են 109 բժշկական կենտրոնների հիվանդներ՝ առանց տեխնոլոգիայի օգտագործման։ Արդյունքները տպավորիչ էին. մեկ տարվա ընթացքում սրտային անբավարարության հայտնաբերման հավանականությունը աճել է 2.3 անգամ, առիթմիաների՝ 3.5 անգամ, փականների հիվանդությունների՝ գրեթե կրկնակի։
Բրիտանական Սրտի հիմնադրամի դոկտոր Սոնյա Բաբու-Նարայանը շեշտել է, որ սա վառ օրինակ է այն բանի, թե ինչպես կարելի է երկու հարյուրամյա վաղեմության գյուտը «զարգացնել» XXI դարի բժշկության համար։ Նրա խոսքով, վաղ ախտորոշումը չափազանց կարևոր է, քանի որ սրտի բազմաթիվ հիվանդություններ հայտնաբերվում են միայն ծանր փուլերում, երբ հիվանդները շտապօգնության մեքենայով հայտնվում են հիվանդանոցում։
Հետազոտության արդյունքները ներկայացվել են Մադրիդում կայացած համաշխարհային խոշորագույն սրտաբանական կոնգրեսում։ Մոտ ապագայում նոր ստետոսկոպները նախատեսվում է ներդնել Հարավային Լոնդոնի, Սասեքսի և Ուելսի պոլիկլինիկաներում։
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում