Սան Անտոնիոյի Թեքսասի համալսարանի գիտնականները պարզել են, որ կետոգեն սննդակարգը՝ բարձր ճարպային և ցածր ածխաջրային դիետան, կարող է առաջացնել բջջային ծերացում արու մկների, բայց ոչ էգերի շրջանում։ Հետազոտությունը հրապարակվել է Cell Reports բժշկագիտական հանդեսում։
Կետոգեն սննդակարգը չափազանց ցածր ածխաջրային (սովորաբար ոչ ավելի, քան 20-50 գրամ օրական) և բարձր ճարպային սննդակարգ է։ Կալորիաների հիմնական աղբյուրներն են միսը, ձուկը, կաթնամթերքը, ընկույզը և որոշ բանջարեղեններ։
Կետոգեն սննդակարգը խթանում է կետոնային մարմինների արտադրությունը, որը գլյուկոզային փոխարինող այլընտրանքային էներգիայի աղբյուր է։ Նման սննդակարգերն արդեն իսկ ապացուցել են արդյունավետությունը դեղորայքակայուն էպիլեպսիայի բուժման գործում և ուսումնասիրվում են որպես այլ հիվանդությունների, ներառյալ՝ 2-րդ տիպի շաքարախտի ապաքինման հավանական թերապիա։
Պազրելու համար՝ ինչպիսի ազդեցություն է ունենում կետոգեն սննդակարգը՝ կախված սեռից, գիտնականները փորձ են անցկացրել մկների վրա։ Արդյունքները ցույց են տվել, որ կետոգեն սննդակարգի անցնելը արուների շրջանում մեծացնում է օքսիդատիվ սթրեսի և բջջային ծերացման մարկերները։ Սակայն, էգերի շրջանում նմանատիպ ազդեցություններ չեն նկատվել։
Ավելին, երբ արուն տրվում էր կանացի սեռական հորմոն՝ էստրոգեն (կամ էստրադիոլ), սննդակարգի վնասակար ազդեցությունը վերանում էր։
«Այս արդյունքները հստակորեն ենթադրում են, որ էստրոգենը պաշտպանիչ դեր է խաղում կետոգեն սննդակարգում»,- նշել է հետազոտության առաջատար հեղինակ, բժշկական գիտությունների դոկտոր Դեյվիդ Գիուսը։
Հետազոտողները պարզել են նաև, որ երբ էստրոգենի ընկալիչները (տամոքսիֆեն դեղամիջոցի միջոցով) արգելափակվում էին էգերի մոտ, նրանց բջիջները ևս ծերացման և սթրեսի նշաններ էին ցույց տալիս, ինչպես արուների դեպքում։
Գիտնականները նշել են, որ մկների նյութափոխանակությունը մեծապես նման է մարդկանց նյութափոխանակությանը, ուստի այդ սննդակարգին առնչվող բջջային ծերացումը կարող է դրսևորվել նաև մարդկանց շրջանում։ Նման վարկածը դեռևս պետք է հաստատվի, բայց հետազոտողներն արդեն իսկ ընդգծում են անհատական մոտեցման անհրաժեշտությունը բուժական սնուցում ընտրելիս, հատկապես երկարաժամկետ հեռանկարում։
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում