20 տարիները հանդարտ ընթացք չեն ունեցել, դժվարությունները շատ են եղել, բայց նույնքան շատ են եղել ձեռքբերումները։ Բաժանմունքում, որը 20 տարի առաջ հիմնել են երկու հոգի, այսօր արդեն 20 բժիշկ է աշխատում, և այստեղ մկրտություն ստացած շատ այլ բժիշկներ իրենց գործը շարունակում են երկրի մյուս բուժկենտրոններում։ Այսօր նրանք բոլորն այս դահլիճում էին, իսկ բաժանմունքի ղեկավար Արթուր Գրաբսկին ամբիոնի մոտ խոսելիս մի պահ դադար էր տվել, չկարողանալով զսպել հուզմունքը։
Շնորհավորանքներ, նվերներ, անցած ուղու մասին պատմող ֆիլմի ցուցադրություն։ Էկրանից հնչեցին բուժված պացիենտների շնորհակալական խոսքերը, անգամ՝ կենաց, երախտապարտ պացիենտներից մեկն էլ մի ամբողջ ժողգործիքների նվագախումբ էր բերել Գյումրիից՝ տոնական միջոցառմանը նվագելու համար։
«Ստեղծելով պրակտիկորեն զրոյից, մենք քայլ առ քայլ ժամանակակից տեխնոլոգիաներ, ժամանակակից բժշկություն ներդնելով, 20 տարվա մեջ հասանք այն մակարդակին, որ հպարտությամբ կարող ենք ասել. մեր արած գործը, մեր մատուցած ծառայությունը, հիվանդների բուժման տեխնոլոգիաները և արդյունքները համապատասխանում են բոլոր միջազգային ստանդարտներին։ Այսինքն, ուրոլոգիայի ոլորտում որևէ հարց չկա ներկա պահին, որ կարող ենք ասել. սա Հայաստանում չի արվում։ Մեկ բացառությամբ, դա ռոբոտիկ վիրաբույժությունն է, բայց դա էլ կլինի», – ասաց Արթուր Գրաբսկին NEWS. am Medicine-ի թղթակցի հետ զրույցում։
Նա նշեց, որ այսօր մի միտում է նկատվում՝ երիտասարդ բժիշկները չեն ուզում ուրոլոգ դառնալ, ուզում են իրենց գումարն ավելի հեշտ վաստակել։ Ու պատմեց, որ իր ընկերները երիտասարդներին իր մոտ են ուղարկում, որ տեսնեն, թե Գրաբսկին 20 տարում ինչի է հասել, ու որոշեն՝ արժե՞ արդյոք ուրոլոգիայով զբաղվել։
«Իզմիրլյան» ԲԿ-ի Ուրոլոգիական բաժանմունքը ստեղծվել է 2005թ.-ին պրոֆեսոր Արթուր Գրաբսկիի և մի խումբ համախոհների ջանքերով։ Այն նպատակ ուներ ապահովել արդիական, մարդակենտրոն ուրոլոգիական բուժօգնություն՝ Եվրոպական և համաշխարհային չափանիշներին համապատասխան։
Այս տարիներին բաժանմունքը եղել է Հայաստանում լազերային ուրոլոգիայի առաջամարտիկը՝ իրականացնելով մի շարք նորարարություններ՝ առաջին անգամ կիրառվել են հոլմիումային և թուլիումային լազերներ։ Միզային քարերի և շագանակագեղձի ուռուցքների հեռացման համար ներդրվել են նվազ ինվազիվ միջամտությունների ժամանակակից ձևաչափեր՝ մինիպերկուտան, ռետրոգրադ ներերիկամային և կոմբինացված վիրահատություններ։
Բացվել է միզային քարերի բուժման գերազանցությոն կենտրոն՝ STORZ Medical և Quanta System նորագույն սարքավորումներով։
Իզմիրլյան ԲԿ-ի Ուրոլոգիական բաժանմունքը ԵՊԲՀ Ուրոլոգիայի և Անդրոլոգիայի ամբիոնի պաշտոնական բազան է։ Այստեղ կրթություն են ստանում ուսանողներ, երիտասարդ բժիշկներ, իրականացվում են գիտահետազոտական աշխատանքներ, կազմակերպվում են վերապատրաստումներ և միջազգային սիմպոզիումներ։
Այս գործում մեծ դեր են ունեցել նաև սփյուռքի բարերարներն ու գործընկերները, հատկապես՝ դոկտոր Կարո Դերձակյանը, Գարի Կոզենը, որոնց նախաձեռնությամբ Հայաստան են բերվել առաջին լազերային համակարգերը:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում