Նախադիաբետի ռեմիսիան հնարավոր է առանց դիետաների կամ քաշի կորստի․ Nature Medicine

6 հոկտեմբերի, 2025  08:45

Նոր աշխատանքը ցույց է տալիս, որ նախադիաբետը կարող է մտնել ռեմիսիայի մեջ (արյան մեջ շաքարի մակարդակը վերադառնում է նորմալին) նույնիսկ առանց քաշ կորցնելու։

Հետազոտության արդյունքները հրապարակվել են Nature Medicine ամսագրում։

Կենսակերպի փոփոխության ծրագրերում ընդգրկված չորս մասնակիցներից գոնե մեկի մոտ արձանագրվել է նման արդյունք. այսինքն՝ գլիկեմիայի վերահսկողությունը վերականգնվել է՝ առանց անձի քաշ կորցնելու։

Սովորաբար նախադիաբետ ունեցող մարդկանց խորհուրդ են տալիս նիհարել, որպես 2-րդ տիպի դիաբետի անցումը կանխելու հիմնական միջոց, սակայն հաճախ շատերի համար դա շատ դժվար է լինում։ Հետազոտողները պարզել են, որ բանալի գործոնը պարտադիր չէ, որ լինի մարմնի ընդհանուր զանգվածը, այլ ճարպի բաշխումն օրգանիզմում։

Նրանք հայտնաբերել են, որ նրանց մոտ, ովքեր հասել էին ռեմիսիայի՝ առանց քաշ կորցնելու, ճարպը վերաբաշխվել էր. նվազել էր վիսցերալ ճարպի քանակը (ներքին օրգանների շուրջ գտնվող խորքային ճարպը), որը մետաբոլիկապես վնասակար է համարվում, իսկ ավելի շատ ճարպ էլ հայտնվել էր ենթամաշկային շերտում։ Ենթամաշկային ճարպն արտազատում է հորմոններ, որոնք կարող են օգնել ինսուլինի գործողությանը, մինչդեռ վիսցերալ ճարպը նպաստում է քրոնիկ բորբոքմանը և ինսուլինառեզիստենտությանը։

Բացի այդ, ռեմիսիայի մեջ գտնվող մասնակիցների մոտ դիտվել է հորմոնների աշխատանքի բնական ուժեղացում, որոնք նմանակվում են նիհարելու որոշ նոր դեղամիջոցների կողմից (օրինակ՝ GLP-1) և օգնում են ենթաստամոքսային գեղձին ինսուլին արտադրել՝ գլյուկոզայի բարձր մակարդակի դեպքում։

Գործնական տեսանկյունից, սա նշանակում է, որ նախադիաբետ ունեցող մարդիկ կարող են ձգտել ոչ միայն քաշի կորստի, այլև մետաբոլիկ բարելավումների՝ ճարպի վերաբաշխման և ինսուլինի նկատմամբ զգայունության բարձրացման՝ նույնիսկ եթե քաշը կայուն է մնում։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում