Concordia University-ի և McGill University-ի հետազոտողները բարդ տվյալների վերլուծություն են օգտագործել՝ քնի մի քանի ասպեկտների և առողջության, ճանաչողական գործառույթի և կենսակերպի անհատական տարբերությունների միջև կապերը բացահայտելու համար: Հոկտեմբերի 7-ին PLOS Biology ամսագրում հրապարակված հոդվածում նկարագրվում են հինգ «քնի-կենսահոգեբանական» պրոֆիլներ և ուղեղի շրջանների միջև ֆունկցիոնալ կապի դրանց համապատասխան օրինաչափությունները:
Քնի վերաբերյալ հետազոտությունների մեծ մասը կենտրոնանում է դրա միայն մեկ պարամետրի վրա, օրինակ՝ տևողության և այն կապում են մեկ արդյունքի հետ, օրինակ՝ հոգեկան առողջության։ Մինչդեռ հեղինակները կիրառել են բազմաչափ մոտեցում՝ վերլուծելով Human Connectome Project-ի 770 մարդու տվյալները, որտեղ յուրաքանչյուր մասնակից ուներ տեղեկություններ քնի բնութագրերի, ուղեղի պատկերների և կենսահոգեսոցիալական տվյալների մասին։
Առանձնացվել է քուն-կենսահոգեսոցիալական տիպի հինգ պրոֆիլ։ Առաջինը բնութագրվում է վատ քնով և կապված է հոգեախտաբանության ամենավատ ցուցանիշների հետ՝ անհանգստություն, դեպրեսիա, սթրես։ Երկրորդն ունի քնի խանգարմանը «դիմադրողականության» գծեր, այսինքն՝ նույնիսկ հոգեախտաբանական նշանների առկայության դեպքում մարդն իր քունը վատ չի գնահատում։ Մնացած երեք պրոֆիլներն ավելի առանձնահատուկ են. օրինակ, մեկը հիմնականում որոշվում է քնի կարճ տևողությամբ, ինչը կապվում է ավելի ցածր ճանաչողական ունակությունների հետ։
Պրոֆիլներից յուրաքանչյուրին համապատասխանում է ուղեղի ցանցերի յուրահատուկ կազմակերպվածություն։ Օրինակ, առաջին պրոֆիլ ունեցող անձանց մոտ հանգիստ վիճակում դիտվում է բարձր ֆունկցիոնալ կապ ենթակեղևային կառույցների, ինչպես նաև սենսորաշարժողական և ուշադրության ցանցերի միջև։
Հեղինակները ընդգծում են, որ քունը ոչ թե մեկ բնութագիր է, այլ բազմաթիվ փոխկապակցված, բայց միևնույն ժամանակ մասնակիորեն անկախ պարամետրեր, որոնցից յուրաքանչյուրը կարող է յուրովի կապված լինել ապրելակերպի, առողջության, հոգեկանի և ճանաչողության հետ։ Այս բազմաասպեկտային մոտեցումը օգնում է ավելի լավ հասկանալ անհատական տարբերությունները և կարող է նպաստել կլինիկայում ավելի անհատականացված մոտեցմանը։
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում