Հիլի սերմերը ամրապնդում են օրգանիզմի բնական իմունային պաշտպանությունը․ Foods

15 հոկտեմբերի, 2025  17:10

Ճապոնացի հետազոտողները պարզել են, որ հիլի սերմերի մզվածքը կարող է ակտիվացնել օրգանիզմի բնական հակավիրուսային պաշտպանական մեխանիզմները։

Համաձայն Foods ամսագրում հրապարակված հոդվածի, հիլի էքստրակտը և դրա հիմնական կենսաակտիվ բաղադրիչը՝ 1,8-ցինեոլը, ուժեղացնում են I տիպի ինտերֆերոնների՝ բնածին իմունիտետի առանցքային մոլեկուլների արտադրությունը, որոնք արգելափակում են վիրուսների բազմացումը։

Սինսյու համալսարանի (Ճապոնիա) Բժշկության, գիտության և տեխնոլոգիայի բարձրագույն դպրոցի Աբդուլլա Ալ Սուֆիան Շուվոյի գլխավորած թիմը, S&B Foods Inc. ընկերության Մասահիրո Կասսաիի և դոկտոր Թաքեշի Կավահարայի մասնակցությամբ, ուսումնասիրել է, թե ինչպես են բուսական միացությունները փոխազդում նուկլեինաթթուների բջջային «սենսորների» հետ։ Դրանք կառույցներ են, որոնք բջջի ներսում ճանաչում են վիրուսային ԴՆԹ-ն և ՌՆԹ-ն։

Հետազոտողները նշում են, որ ստացված տվյալները հաստատում են հիլի ներուժը՝ որպես բնական հակավիրուսային միջոց։ Դոկտոր Կավահարայի խոսքով, «հիլը վաղուց հայտնի է որպես բուժիչ հատկություններով համեմունք, բայց այժմ մենք տեսնում ենք դրա ներուժը՝ որպես վիրուսների լայն շրջանակի դեմ կանխարգելիչ միջոցների բաղադրիչ»։

Գիտնականները ընդգծում են, որ իրենց աշխատանքը սկսվել է դեռևս մինչև COVID-19 համաճարակը, սակայն սննդամթերքի հակավիրուսային հատկությունների նկատմամբ համաշխարհային հետաքրքրությունը ուժեղացրել է այս ուղղության արդիականությունը։ Ավելի վաղ նույն խումբն արդեն ցույց էր տվել, որ քարդամոնի թուրմը ունակ է կանխարգելել գրիպի վիրուսով վարակումը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում