Արհեստական բանականությունը նպաստել է բեղմնավորմանը․ նոր դարաշրջան տղամարդու անպտղության բուժման մեջ

2 նոյեմբերի, 2025  12:37

Կոլումբիայի համալսարանի բժշկական կենտրոնի գիտնականները հայտնել են արհեստական բանականությամբ կառավարվող սերմնաբջիջների վերականգնման տեխնոլոգիայի կիրառմամբ հաջող բեղմնավորման առաջին դեպքի մասին։ Այս հայտնագործության մասին հոդվածը հրապարակվել է The Lancet ամսագրում։

Նոր մեթոդը, որը ստացել է STAR (Sperm Tracking and Recovery) անվանումը, նախատեսված է ազոոսպերմիայով տառապող տղամարդկանց օգնելու համար. դա մի վիճակ է, երբ սերմնահեղուկում ամբողջությամբ բացակայում են սերմնաբջիջները։

Մասնագետների տվյալներով, տղամարդկանց գործոնը դեր է խաղում զույգերի անպտղության դեպքերի գրեթե 40%-ում, իսկ տղամարդկանց 10-15%-ի մոտ ախտորոշվում է հենց ազոոսպերմիա։ Մինչև օրս նման իրավիճակներում սերմնաբջիջներ ստանալու միակ միջոցը մնում էին վիրահատական միջամտությունները, որոնք պահանջում էին ամորձիից հյուսվածքի վերցում։ Այս մեթոդները միշտ չէ, որ արդյունավետ են և հաճախ ուղեկցվում են բորբոքումներով, անոթային բարդություններով կամ տեստոստերոնի արտադրության ժամանակավոր նվազեցմամբ։

STAR-ի նորարարական տեխնոլոգիան համատեղում է ռոբոտատեխնիկան, միկրոֆլուիդային համակարգերը և արհեստական բանականության ալգորիթմները։ Համակարգը սկանավորում է բջջային նմուշի միլիոնավոր պատկերներ՝ բջջային մնացորդների միջից առանձնացնելով առանձին սերմնաբջիջները, այնուհետև նանոճշգրիտ գործիքների օգնությամբ զգուշորեն մեկուսացնում դրանք։ Արդյունահանված սերմնաբջիջները կարող են օգտագործվել արտամարմնային բեղմնավորման կամ կրիոպահպանման համար։

STAR-ի կլինիկական առաջին կիրառման ընթացքում հաջողվել է հասնել մի արդյունքի, որը չէր հաջողվում գրեթե երկու տասնամյակ․ տղամարդը, ծանր անպտղությամբ, որը տարել էր երկու անհաջող վիրահատություն և մի քանի ԷԿՈ ցիկլ, դարձել է կենսաբանական հայր։ Երկու ժամվա ընթացքում համակարգը վերլուծել է ընդամենը 3,5 միլիլիտր ծավալով նմուշի ավելի քան 2,5 միլիոն պատկեր և հայտնաբերել երկու կենսունակ սերմնաբջիջ․ դրանք բավարար են եղել հաջող բեղմնավորման և հղիության համար։

Գիտնականները շեշտում են, որ թեև խոսքը գրանցված միակ դեպքի մասին է, տեխնոլոգիան նոր ուղղություն է բացում տղամարդու անպտղության բուժման մեջ։ Այժմ ընթանում են լայնածավալ ուսումնասիրություններ, որոնք պետք է հաստատեն մեթոդի արդյունավետությունն ու անվտանգությունը լայն կլինիկական պրակտիկայում։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում