Գիտնականները պարզել են, որ օրական մեկ երկարատև զբոսանքը կարող է նվազեցնել մահվան և սիրտ-անոթային հիվանդությունների (ՍԱՀ) ռիսկն ավելի շատ, քան բազմաթիվ կարճ զբոսանքները։
Հետազոտության արդյունքները հրապարակվել են Annals of Internal Medicine ամսագրում։
Միացյալ Թագավորության Biobank տվյալների բազայի 33 560 չափահասների մասնակցությամբ ուսումնասիրությունը, որոնք օրական 8 000-ից պակաս քայլ էին կատարում, ցույց է տվել․ նրանք, ովքեր իրենց քայլերի մեծ մասը կատարում էին առնվազն 15 րոպեանոց հատվածներով, ունեին մահացության և ՍԱՀ-ի զգալիորեն ավելի ցածր ռիսկ՝ համեմատած նրանց հետ, ովքեր քայլերը կատարում էին շատ կարճ շարքերով (5 րոպեից պակաս)։
Այսպես, մոտ 9,5 տարվա դիտարկման ընթացքում ցանկացած պատճառից մահվան ռիսկը կազմել է՝ 4,36%՝ 5 րոպեից պակաս շարքեր ունեցող խմբում, 1,83%՝ 5-10 րոպեանոց շարքեր ունեցող խմբում, 0,84%՝ 10-15 րոպեանոց շարքեր ունեցող խմբում և 0,80%՝ 15 րոպե և ավելի շարքեր ունեցող խմբում։
Սիրտ-անոթային հիվանդությունների համար թվերն ավելի ցուցադրական էին՝ 13,03%՝ քայլերի ամենակարճ շարքեր ունեցող խմբում (<5 րոպե), 11,09%՝ 5-10 րոպեանոց շարքերում, 7,71%՝ 10-15 րոպեանոց շարքերում և 4,39%՝ 15 րոպե և ավելի շարքեր ունեցող խմբում։
Հետազոտողները նշում են, որ հատկապես կարևոր է, որ ազդեցությունն ավելի նկատելի էր բոլորովին անշարժ մասնակիցների մոտ (օրական 5 000-ից պակաս քայլ)։ Այսինքն՝ շարունակական քայլելու տևողության պարզ ավելացումը կարևոր գործոն է։
Գիտնականները եկել են այն եզրակացության, որ ֆիզիկական ակտիվության վերաբերյալ առաջարկությունները կարող էին լրացվել՝ շեշտը դնելով ոչ միայն քայլերի ընդհանուր թվի, այլև քայլելու անընդհատ հատվածների տևողության վրա, քանի որ ակտիվության ավելի կայուն շրջանը սրտի և անոթների համար ավելի մեծ օգուտ է տալիս։
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում