Չափավոր ֆիզիկական ակտիվության պահպանումը՝ շաբաթական մոտ 17 ժամ, կարող է զգալիորեն նվազեցնել մարսողական համակարգի քաղցկեղի զարգացման ռիսկը։ Այս եզրահանգմանն են եկել Հարվարդի Թ. Հ. Չանի անվան հանրային առողջապահության դպրոցի գիտնականները։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են JAMA Oncology ամսագրում։
Հետազոտողները վերլուծել են երեք խոշոր կոհորտային հետազոտությունների տվյալները, որոնց մասնակցել է մոտ 32 տարեկան 231,000 ԱՄՆ բնակիչներ։ Սկզբնական շրջանում մասնակիցները չեն ունեցել քաղցկեղի կամ սրտանոթային հիվանդությունների պատմություն։ Յուրաքանչյուր երկու-չորս տարին մեկ նրանք հարցաթերթիկներ են լրացրել իրենց առողջության, ֆիզիկական ակտիվության մակարդակի և սննդակարգի վերաբերյալ։
Ընդհանուր առմամբ, մի քանի տասնամյակ տևած դիտարկման ընթացքում գրանցվել է մարսողական համակարգի քաղցկեղի 6358 դեպք և 3791 մահվան ելք։ Գիտնականները պարզել են, որ այն մարդկանց մոտ, ովքեր պարբերաբար ֆիզիկական ակտիվությամբ են զբաղվել ազատ ժամանակ, քաղցկեղի այդ ձևերով հիվանդանալու և դրանից մահանալու ռիսկը զգալիորեն ցածր է եղել։
Ամենամեծ ազդեցությունը նկատվել է շաբաթական մոտ 17 ՄԵՏ (Մետաբոլիկ համարժեք) ժամ պահպանելու դեպքում. այս ցուցանիշը համարժեք է հինգ ժամ արագ քայլքին կամ երկու ժամ վազքին։ Ակտիվության նման մակարդակը նվազեցրել է մարսողական համակարգի քաղցկեղի զարգացման ռիսկը մոտ 17%-ով։ Ընդ որում, ծանրաբեռնվածության ավելացումը լրացուցիչ օգուտ չի բերել։
Հետազոտության հեղինակ դոկտոր Չժանի խոսքով՝ պաշտպանական ազդեցությունը կապված չէ միայն մարմնի զանգվածի նվազեցման հետ։
«Ֆիզիկական ակտիվությունը, հավանաբար, ունի համակարգային հակաքաղցկեղային ազդեցություն. այն բարելավում է ինսուլինի նկատմամբ զգայունությունը, նվազեցնում է բորբոքման մակարդակը և ամրապնդում իմունային համակարգը։ Բացի այդ, վարժությունները կարող են նպաստել ավելի լավ մարսողությանը՝ կրճատելով պոտենցիալ քաղցկեղածինների շփման ժամանակը աղիքների պատերի հետ», - նշում է գիտնականը։
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում