Ինչպե՞ս է երիկամում գտնվող ՌՆԹ մոլեկուլը մահացու հիվանդություն առաջացնում

4 նոյեմբերի, 2025  08:41

Բոննի համալսարանի հետազոտողները հայտնաբերել են, որ բնության մեջ հանդիպող ՌՆԹ-ի փոքր մոլեկուլը ակտիվացնում է մուտացիայի ենթարկված իմունային ընկալիչը՝ գործարկելով շղթայական ռեակցիա։ Գիտնականները բացատրել են, թե ինչպես է RIG-I իմունային ընկալիչի կետային մուտացիան օրգանիզմի պաշտպանական համակարգը վերածում ինքնաոչնչացնող ուժի և առաջացնում ծանր աուտոիմունային հիվանդություններ, որոնք ախտահարում են առանձին օրգաններ։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են «Science Immunology» ամսագրում։

RIG-I-ը բնածին իմունային համակարգի կարևոր սենսոր է, որը ճանաչում է վիրուսային ՌՆԹ-ն և ակտիվացնում հակավիրուսային պաշտպանությունը, հաղորդում է «Նաուչնայա Ռոսիյան»։ Սակայն գենետիկ նյութի որոշակի փոփոխությունները, որոնք հայտնի են որպես մուտացիաներ, կարող են RIG-I-ը դարձնել գերզգայուն, ինչի պատճառով իմունային ընկալիչը սխալմամբ օրգանիզմի սեփական ՌՆԹ-ն կընդունի որպես վիրուսային։ Հետազոտական խումբը հայտնաբերել է, որ RIG-I E373A մուտացիա ունեցող մկների մոտ, որը բնորոշ է հիվանդներին, ինքնաբերաբար զարգացել է գայլախտանման նեֆրիտ՝ երիկամների ծանր և հաճախ մահացու բորբոքում։ Ի տարբերություն դասական գայլախտի, որի դեպքում բորբոքումն առաջանում է իմունային համալիրների կուտակման պատճառով, այս մկների մոտ հիվանդությունը պայմանավորված է եղել երիկամների ուղղակի բորբոքումով, որը հրահրվել էր մուտացիայի ենթարկված RIG-I-ի կողմից։

Հետագա ուսումնասիրությունները ցույց են տվել, որ Y-ՌՆԹ անունով հայտնի կարճ չկոդավորող ՌՆԹ-ն, որը մեծ քանակությամբ արտադրվում է երիկամներում, ուղղակիորեն կապվում է մուտացիայի ենթարկված RIG-I-ի հետ և առաջացնում դրա աննորմալ ակտիվացում։ «Մենք պարզել ենք, որ Y-ՌՆԹ-ն գործում է որպես կեղծ տագնապային ազդանշան մուտացիայի ենթարկված RIG-I ընկալիչի համար, հատկապես երիկամային բջիջներում», - ասում է հետազոտության հեղինակ պրոֆեսոր Հիրոկի Կատոն։ «Իմունային համակարգի աշխատանքի այս լոկալ խափանումը առաջացնում է ուժեղ բորբոքում, որը նման է մարդու մոտ հանդիպող գայլախտային նեֆրիտին»։

«Մոլեկուլային և կառուցվածքային առաջադեմ վերլուծության մեթոդների օգնությամբ մենք կարողացանք ցույց տալ, որ մուտանտ RIG-I-E373A սպիտակուցն անսովոր կերպով կապվում է Y-ՌՆԹ-ի հետ, ինչը հանգեցնում է ընկալիչի ակտիվացման նույնիսկ առանց վիրուսային վարակի», - ասում է հետազոտության առաջին հեղինակ Սայա Սատոն։ «Այս աննորմալ ակտիվացումը հանգեցնում է նրան, որ երիկամային բջիջներն արտադրում են մեծ քանակությամբ ինտերֆերոններ և քեմոկիններ, որոնք ներգրավում են իմունային բջիջներ և առաջացնում բորբոքում»։

Սակայն հետազոտողներին հաջողվել է նաև բացահայտել բուժական ներուժ ունեցող թիրախ. այսպես կոչված CCR2 ազդանշանային ուղու արգելափակումը, որը ներգրավում է մոնոցիտները (սպիտակ արյան գնդիկներ) և զգալիորեն նվազեցնում է երիկամների բորբոքումը փորձարկվող մկների մոտ։

RIG-I գենի մուտացիաները կապված են հազվադեպ ժառանգական հիվանդությունների հետ, ինչպիսիք են Սինգլտոն-Մերտենի համախտանիշը և համակարգային կարմիր գայլախտը։ Այս հետազոտությունը թույլ է տալիս ավելի լավ հասկանալ, թե ինչպես կարող են նման մուտացիաները ընտրողաբար վնասել երիկամները։ Արդյունքները կարող են հիմք դառնալ թիրախային թերապիայի մշակման համար, որը կարգելափակի մուտացիայի ենթարկված RIG-I-ի ակտիվացումը կամ դրա հետ փոխազդող Y-ՌՆԹ-ները։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում