Կտրուկ անցումը առողջ սննդակարգի մեծացնում է ալկոհոլի նկատմամբ հակումը. Alcohol

4 նոյեմբերի, 2025  18:34

Ճարպոտ և քաղցր սննդից կտրուկ հրաժարումը և անցումը առողջ սննդակարգի օգտին կարող է հանգեցնել ալկոհոլի նկատմամբ հակման աճի։ Դա պարզվել է Alcohol: Clinical and Experimental Research բժշկագիտական հանդեսում հրապարակված հետազոտության մեջ։

Հետազոտությունը անցկացվել է լաբորատոր մկների վրա։ Սկզբում կենդանիներին կերակրել են բարձր կալորիականությամբ, ճարպերով և շաքարով հարուստ օրաբաժնի, ապա հանկարծակի անցել են առողջ օրաբաժնի։ Հետազոտողների համար անսպասելիորեն, կրծողները վարքային թեստերում սկսել են ավելի հաճախ ալկոհոլը ջրի փոխարեն ընտրել։

Ինչպես պարզաբանում են հեղինակները, հիմնական գործոնն աղիքային միկրոբիոտայի փոփոխություններն էին, որոնք տեղի էին ունեցել սննդակարգի կտրուկ փոփոխությունից հետո։ Բակտերիաների անհավասարակշռությունը խթանել է ուղեղի պարգևատրման համակարգի վրա ազդող նյութերի արտադրությունը, որը պատասխանատու է հաճույքի և կախվածության համար։ Արդյունքում, ուղեղը «վերակառուցվել է». կորցնելով իր սովորական հաճույքի աղբյուրը՝ ճարպոտ և քաղցր սննդի տեսքով, այն սկսել է այլընտրանքներ փնտրել։

«Երբ մարդը կտրուկ հրաժարվում է սովորական, սակայն անառողջ սննդից, նրա աղիքային մանրէները բառացիորեն ապստամբում են։ Այդ ներքին անհավասարակշռությունը կարող է խմելու ցանկություն առաջացնել»,- պարզաբանել են հետազոտողները։

Հեղինակներն ընդգծում են, որ իրենց արդյունքները կարևոր են հաշվի առնելու առողջ ապրելակերպ մշակելիս: Առողջ սննդակարգին կտրուկ անցումը կարող է ոչ միայն սթրես առաջացնել օրգանիզմում, այլև անկանխատեսելի հոգեբանական հետևանքներ ունենալ: Ըստ գիտնականների՝ այն մարդիկ, ովքեր արդեն իսկ հակված են ալկոհոլի չարաշահմանը, պետք է հատկապես զգույշ լինեն, քանի որ սննդակարգի փոփոխությունները կարող են սրել խնդիրը:

Հետազոտողները խորհուրդ են տալիս աստիճանաբար փոխել սովորությունները, քայլ առ քայլ նվազեցնել անառողջ սննդի քանակը, որպեսզի աղիքային միկրոֆլորային ժամանակ տրվի հարմարվելու նոր պայմաններին: Նման մոտեցումը ոչ միայն կօգնի խուսափել ռիսկերից, այլև կամրապնդի առողջ սովորությունները՝ առանց օրգանիզմին լրացուցիչ սթրես պատճառելու:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում