Նոր ուսումնասիրությունը պարզել է, որ ալկոհոլային խմիչքների, մասնավորապես՝ գարեջրի օգտագործումը կարող է կապված լինել մազաթափության ռիսկի բարձրացման հետ, հաղորդում է The Sun-ը։
Պորտոյի համալսարանի գիտնականները վերլուծել են 17 նախորդ ուսումնասիրությունները, որոնց մասնակցել է ավելի քան 60 հազար մարդ։ Նրանք պարզել են, որ ալկոհոլ օգտագործողների մազերն ավելի հաճախ են բարակում, կորցնում խտությունն ու փայլը, իսկ մազերի քանակը նկատելիորեն նվազում է։
Հետաքրքիր է, որ ալկոհոլային խմիչքները շաքարային գազավորված ըմպելիքներով փոխարինելը չի նվազեցրել մազաթափության ռիսկը և որոշ դեպքերում կարող է վատթարացնել իրավիճակը։
Հետազոտողները նշում են, որ մազերի առողջության վրա ազդում են նաև այլ գործոններ, որոնց թվում՝ սննդակարգում վիտամին D-ի և երկաթի բավարար քանակությունը, ինչպես նաև հակաբորբոքային և հակաօքսիդանտային հատկություններով սննդամթերքները, ինչպիսիք են բրոկոլին կամ կաղամբը։
Միևնույն ժամանակ, վիտամին A-ի չափազանց օգտագործումը, օրինակ՝ պանրի, ձվի, ճարպոտ ձկան, ցածր յուղայնությամբ կաթնամթերքի և մարգարինի չարաշահումը կարող է վնասակար լինել մազերի համար։
Հոդվածում նաև մեջբերվում է Սիդնեյի համալսարանի անցկացրած ուսումնասիրությունը, որը պարզել է, որ ստևիա բույսում պարունակվող բնական քաղցրացուցիչ ստևիոզիդը կարող է բարձրացնել մինօքսիդիլի արդյունավետությունը ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանանց մազաթափության բուժման գործում: Սա հետաքրքիր հնարավորություններ է բացում մազերի խտությունը պահպանման հարցին համակցված մոտեցման համար։
Հետազոտողներն ընդգծում են, որ չնայած ալկոհոլ օգտագործող մարդկանց մազաթափության բացարձակ ռիսկը մնում է ցածր, կապ գոյություն ունի: Տվյալների մեծ մասը փոխհարաբերակցված է, ուստի անհնար է վստահորեն պնդել ուղղակի պատճառահետևանքային կապը։
Եթե նկատում եք մազաթափության աճ, արժե հաշվի առնել ոչ միայն գենետիկան, սթրեսը և մազերի խնամքի սովորությունները, այլև կենսակերպի գործոնները, ներառյալ ալկոհոլի օգտագործումը և սննդակարգը։
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում