Միջերկրածովյան սննդակարգը նվազեցնում է գերակտիվ միզապարկի զարգացման ռիսկը. իրավիճակ, որի դեպքում հաճախակի և հանկարծակի միզելու ցանկություն է ի հայտ գալիս։ Նման եզրակացության են հանգել Չինաստանի Լանժոուի համալսարանի գիտնականները։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Journal of Health, Population, and Nutrition (JHPN) բժշկագիտական հանդեսում։
Հեղինակները վերլուծել են 2005-2018 թվականներին Ազգային առողջապահության և սննդի հետազոտության հարցման ընթացքում հավաքված 65 տարեկանից փոքր ավելի քան 23 հազար ամերիկացի մեծահասակների տվյալները։ Մասնակիցները բաժանվել են խմբերի՝ կախվծ նրանից, թե որքանով են նրանք հետևում միջերկրածովյան սննդակարգի սկզբունքներին։ Այդ սննդակարգը ներառում է մեծ քանակությամբ բանջարեղեն և մրգեր, ինչպես նաև ձուկ, ընկույզ և ձիթապտղի յուղ։
Պարզվել է, որ այս սննդակարգին հավատարմորեն հետևող մարդկանց շրջանում գերակտիվ միզապարկ զարգացնելու հավանականությունն անհամեմատ քիչ է։ Նույնիսկ բազմաթիվ գործոններ՝ տարիքը, սեռը, եկամուտները, կրթությունը, խրոնիկական հիվանդությունները և սովորությունները, մասնավորապես՝ ծխելը և ոգելից խմիչքի օգտագործումը, հաշվի առնելուց հետո այդ կապը պահպանվել է։
Գիտնականները պարզաբանել են, որ միզապարկի գերակտիվության դեպքում միզապարկի մկանը սկսում է կծկվել նույնիսկ փոքր-ինչ լցված լինելու դեպքում։ Այդ խանգարումը հանդիպում է բոլոր տարիքի մարդկանց, բայց ավելի հաճախ՝ տարեց մարդկանց շրջանում։
Հետազոտողների կարծիքով ՝ արդյունքները ցույց են տալիս, որ բուսական ծագման սննդամթերքի և օգտկար ճարպերի վրա հիմնված սննդակարգը կարող է բարենպաստ ազդեցություն ունենալ ոչ միայն սրտանոթների, այլև միզուղիների առողջության վրա։
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում