Կովի և ոչխարի հում կաթը հաճախ պարունակում է հակաբիոտիկակայուն մանրէներ, որոնք կարող են սպառնալ մարդկանց և կենդանիների առողջությանը: Այս եզրակացությանն են հանգել պակիստանցի գիտնականները՝ Մարդանի Աբդուլ Վալի Խանի համալսարանի Թահիր Ուսմանի գլխավորությամբ: Ուսումնասիրությունը հրապարակվել է PLOS One ամսագրում:
Գիտնականները վերլուծել են կովերից և ոչխարներից վերցված 310 հում կաթի նմուշ՝ մոտավորապես հավասար թվով նմուշներ: Նմուշների մոտ մեկ քառորդը ցույց էր տալիս կրծքագեղձի թաքնված բորբոքման նշաններ, իսկ գրեթե 13%-ը պարունակում էր Staphylococcus epidermidis. մանրէ, որը սովորաբար արտաքինից անտեսանելի է, բայց վատթարացնում է կաթի որակը և նպաստում վարակի տարածմանը:
Արդյունքները մտահոգիչ էին. մեկուսացված մանրէների 95%-ը դիմացկուն էր պենիցիլինի և էրիթրոմիցինի նկատմամբ, իսկ շտամների կեսը՝ երեք կամ ավելի հակաբիոտիկների նկատմամբ:
Չնայած Staphylococcus epidermidis-ը սովորաբար մարդու մաշկի անվնաս բնակիչ է, դրա դիմացկուն շտամները կարող են հակաբիոտիկակայունության գեները փոխանցել ավելի վտանգավոր մանրէների, որոնց թվում՝ Staphylococcus aureus-ին, որը հատկապես վտանգավոր պաթոգեն է:
Ուսումնասիրության հեղինակները նշել են, որ կայուն մանրէների բարձր տարածվածությունը վկայում է անասնապահության և սննդի անվտանգության համար լուրջ սպառնալիքի մասին: Այս իրավիճակն ընդգծում է հակաբիոտիկների խիստ վերահսկողության և ֆերմաներում հիգիենայի բարելավման հրատապ անհրաժեշտությունը:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում