Պարզ սովորությունները կարող են երիտասարդացնել օրգանիզմը. The Conversation

14 նոյեմբերի, 2025  20:15

Երկարակեցության նկատմամբ հետաքրքրությունն այսօր դարձել է զանգվածային մշակույթի մի մասը՝ ծնունդ տալով մի ամբողջ արդյունաբերության, որը խոստանում է «երիտասարդացում» հավելումների, գաջեթների և նորաձև տեխնիկայի միջոցով: Սակայն հետազոտությունները ցույց են տալիս, որ կյանքը երկարացնել և ծերացումը դանդաղեցնել կարելի է շատ ավելի հեշտ՝ փոխելով վարքագիծը, այլ ոչ թե թանկարժեք ապրանքներ գնելով: Դրա մասին հայտնել է The Conversation-ը:

Մարդն ունի երկու տարիք: Մեկը ժամանակագրականն է, որը արտացոլում է ապրած տարիների քանակը: Երկրորդը կենսաբանականն է, որը ցույց է տալիս մարմնի իրական վիճակը՝ որքան լավ են գործում բջիջները, ինչ աստիճանի է վնասված ԴՆԹ-ն, և որքան արագ են մաշվում համակարգերը: Հենց կենսաբանական տարիքն է ամենաուժեղը կապված հիվանդության ռիսկի և կյանքի տևողության հետ: Այսօր այն կարելի է որոշել նույնիսկ թքի էպիգենետիկ թեստով, բայց ամենակարևորը՝ այն կարելի է փոխել:

Հետազոտություններն ապացուցել են, որ կանոնավոր ֆիզիկական ակտիվությունը զգալիորեն «հետ է տանում» կենսաբանական տարիքը: Մի փորձի ժամանակ ոչ ակտիվ մարդիկ, որոնք սկսել են շաբաթական երեք անգամ մեկական ժամ մարզվել, երկու տարով կրճատել են իրենց կենսաբանական տարիքը: Ուժային և աէրոբիկ վարժությունների համադրությունն ազդում է ԴՆԹ-ի մեթիլացման վրա և դանդաղեցնում է մարմնի հիմնական գործառույթների համար պատասխանատու գեների անջատումը:

Սնունդը նույնպես կարևոր դեր է խաղում: Մոտ 2700 կնոջ վերլուծությունը ցույց է տվել, որ ընդամենը 6-12 ամիս առողջ սննդակարգին անցնելը դանդաղեցնում է ծերացումը միջինը 2,4 տարով: Բանջարեղենով, մրգով, ամբողջական հացահատիկով, ձկնեղենով և առողջ ճարպերով հարուստ սննդակարգը նվազեցնում է բորբոքումները, պաշտպանում ԴՆԹ-ն և բջիջներին օգնում ավելի արդյունավետորեն վերականգնվել։

Գիտնականները քունը նշում են որպես առողջ ծերացման ամենաուժեղ ցուցիչներից մեկը: Գիշերային վերականգնումը նպաստում է ԴՆԹ-ի ռեպարացիային, կարգավորում հորմոնները, նվազեցնում բորբոքումները և «վերագործարկում» նյարդային համակարգը: Հինգ ժամից պակաս քնող մարդիկ, շատ ավելի հավանական է, որ ունենան շաքարախտ, սրտի հիվանդություններ, քաղցկեղ և դեմենցիա: Որոշ ուսումնասիրություններ ցույց են տալիս, որ գիշերային հերթափոխները մոտ մեկ տարով մեծացնում են կենսաբանական տարիքը։

Ծխելը, վեյփը և ոգելից խմիչքը ծերացման ամենահզոր արագացուցիչներն են: Ծխելը թոքերը ծերացնում է 4-5 տարով: Ալկոհոլը արագացնում է ծերացումը նույնիսկ փոքր չափաբաժիններով՝ աստիճանաբար վնասելով ԴՆԹ-ն և մեծացնելով բորբոքումը։

Գիտնականները սթրեսը համարում են հիմնական գործոն: Քրոնիկ սթրեսը խաթարում է հորմոնալ հավասարակշռությունը, վատթարացնում իմունային համակարգի աշխատանքը և արագացնում բջջային ծերացումը: Հետազոտություններից մեկի ժամանակ շաբաթական 40 ժամից ավելի աշխատող մարդկանց կենսաբանական տարիքը մոտ երկու տարով ավելացել է։ Սթրեսը գործում է ինչպես ուղղակիորեն՝ վնասելով բջիջները, այնպես էլ անուղղակիորեն՝ խաթարելով քունը, առաջացնելով անառողջ սովորություններ և հանգեցնելով շատակերության։

Գիտնականներն ընդգծում են, որ նույնիսկ փոքր փոփոխություններն իսկապես փոխում են կենսաբանական տարիքը։ Ու թեև գենետիկան և հանգամանքներն իրենց կնիքն են դնում, ծերացման տեմպը մեծապես կախված է մարդուց։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում