Ամերիկացի գիտնականները պարզել են, որ դեռահասներն ու երիտասարդները վաղ հասունության շրջանում տարբեր կերպ են արձագանքում գերմշակված սննդամթերքներին։ Հետազոտության 18-21 տարեկան մասնակիցները զգալիորեն ավելի շատ կալորիաներ են օգտագործել երկշաբաթյա գերմշակված սննդամթերքներով հարուստ օրաբաժնից հետո, մինչդեռ 22-25 տարեկանների շրջանում նման ազդեցություն չի նկատվել։ Հետազոտությունը հրապարակվել է Obesity բժշկագիտական հանդեսում։
Վերլուծությունը հիմնված է The Lancet-ի տվյալների վրա, ըստ որոնց մինչև 2050 թվականը 15-24 տարեկան յուրաքանչյուր երրորդ ամերիկացի կհամապատասխանի ճարպակալման չափանիշներին։ Համարվում է, որ հասակը կապված է կենսակերպի, գենետիկայի և այլ գործոնների հետ, սննդակարգը կարևոր դեր է խաղում։ Գերմշակված սննդամթերքը, որը կազմում է երիտասարդ ամերիկացիների օրաբաժնի 55-65%-ը, նախկինում կապում էին նյութափոխանակության խանգարումների, վատ սրտանոթային առողջության և այլ խնդիրների հետ։
Վիրջինիայի տեխնոլոգիական համալսարանի հետազոտողները որոշել են պարզել, թե ինչպես են զանազան սննդակարգերն ազդում «շվեդական սեղանի» միջավայրում սննդակարգի վարքագծի վրա։ Դրա համար նրանք անցկացրեցին վերահսկվող հետազոտություն, որին մասնակցել են 18-25 տարեկան 27 տղամարդիկ և կանայք, որոնց մարմնի զանգվածը առնվազն վեց ամիս մնացել է կայուն։
Կամավորները երկու շաբաթվա ընթացքում օգտագործել են երկու օրաբաժիններից մեկը. առաջինը բաղկացած էր 81% գերմշակված սննդից, մինչդեռ երկրորդը բոլորովին չի պարունակել գերմշակված սնունդ։ Սննդակարգը խստորեն վերահսկվում էր. մասնակիցները նախաճաշել են լաբորատորիայում, իսկ մնացած կերակուրները պատրաստվել են նյութափոխանակության խոհանոցում։ Երկու օրաբաժիններն էլ ուշադիր կարգավորվել են 22 պարամետրերի համար՝ մակրոէլեմենտներից և մանրաթելերից մինչև հանքանյութերի պարունակություն։
Այնուհետև մասնակիցներին հրավիրել են շվեդական սեղանի նախաճաշի, որտեղ նրանք կարող էին ուտել այնքան, որքան ցանկանում էին։ Յուրաքանչյուր մասնակցի տրամադրվել է սկուտեղ, որը պարունակում էր մոտավորապես 1800 կիլոկալորիա՝ ստանդարտ նախաճաշի քանակից չորս անգամ ավելի։ Այնուհետև գնահատվել է նրանց հակվածությունը՝ առանց քաղցի զգացողության ուտելու. կամավորներին տրվել է սկուտեղ՝ խորտիկներով, և նրանց խնդրել են համտեսել յուրաքանչյուր ուտեստը, ապա թույլատրվել է շարունակել ուտել ըստ ցանկության։
Ընդհանուր առմամբ, սննդակարգի տեսակը չի ազդել սպառված կալորիաների քանակի վրա։ Սակայն վիճակագրորեն նշանակալի տարբերություններ են ի հայտ եկել, երբ հետազոտողները մասնակիցներին բաժանել են ըստ տարիքի։ 18-21 տարեկանների շրջանում, ովքեր հետևում էին գերմշակված սննդամթերքներով հարուստ սննդակարգի, շվեդական սեղանի կալորիաների ընդունումը մեծացել էր, և նրանք ավելի հակված էին շարունակել ուտել, նույնիսկ առանց քաղցի զգացողության: Այս միտումը 22-25 տարեկանների շրջանում բացակայում էր։
Հետազոտողները մտադիր են ապագայում ընդլայնել ընտրանքի չափը և օգտագործել նեյրոպատկերացում և բիոմարկերներ՝ ավելի լավ հասկանալու այն մեխանիզմները, որոնց միջոցով գերմշակված սննդամթերքն ազդում է երիտասարդների սննդային վարքագծի վրա:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
month
week
day