Գիտնականները բացահայտել են դեմենցիայի ամենավաղ անսպասելի ախտանիշը. և դա մոռացկոտությունը չէ

24 նոյեմբերի, 2025  20:32

Բժշկագիտության ոլորտի հետազոտողները հայտնել են դեմենցիայի անսպասելի վաղ նշանի մասին. դա թերևս ոչ թե հիշողության կորուստն է, այլ սարկազմի, հեգնանքի կամ երկակի իմաստների ընկալման խնդիրը։ Մինչ մարդիկ հաճախ դեմենցիան մոռացկոտության հետ են կապում, այդ ախտանիշը գիտակցական մակարդակում ավելի քիչ է արտացոլվում, թեև կարող է ի հայտ գալ շատ ավելի վաղ։  

Նյարդահոգեբաններից և մասնագետներից ոմանց կարծիքով՝ սարկազմը ճանաչելու անկարողությունը մտահոգիչ ցուցանիշ է. մարդը բառացիորեն դառնում է «բառացիորեն»՝ չկարողանալով ընկալել խոսքի ենթատեքստերը։ Դա կարող է աննշան բան թվալ, մինչդեռ փորձագետները նշում են, որ հաղորդակցման և լեզվի ընկալման այդ փոփոխությունները հաճախ նախորդում են հիվանդության ավելի դասական դրսևորումներին։

The Mirror հանդեսը պարզաբանում է, որ դեմենցիայի այդպիսի նուրբ նշանները երբեմն ակնհայտ ճանաչողական խանգարումից շատ առաջ են ի հայտ գալիս։ Մարդիկ կարող են իրենք չգիտակցել դրանք, մինչդեռ շրջապատի մարդիկ կարող են նկատել, որ իրենց մերձավորն այլևս չի որսում կատակները՝ դառնալով բառացիորեն լրջմիտ նույնիսկ այն պահերին, երբ նախկինում ժպտում կամ կատակում էր։

Կարևոր է հասկանալ. դեմենցիան սոսկ հիշողությունը չէ։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վաղ նշանները կարող են ներառել տրամադրության, վարքի և կենտրոնանալու ունակության փոփոխություններ: Ապակողմնորոշումը կամ պլանավորման և վերացական մտածելու դժվարությունները կարող են հիվանդության վաղ փուլերի մաս լինել։

Փորձագետները հորդորում են ուշադրություն դարձնել այդ «մեղմ» ախտանիշներին. դրանք կարող են լինել առաջին նախազգուշացնող ազդանշանները, որոնք, սակայն, հաճախ աննկատ են մնում: Վաղ ախտորոշումն ավելի արագ միջամտության հնարավորություն է ընձեռում և դանդաղեցնում դեմենցիայի սաստկացումը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում