Տորոնտոյի St. Michael’s հիվանդանոցի հետազոտողները պարզել են, որ բարձր ճարպային, չափավոր սպիտակուցային և նվազագույն ածխաջրային պարունակությամբ կետոգեն սննդակարգը կարող է օգնել նվազեցնելու չափահասների դեպրեսիայի ախտանիշները։ Միաժամանակ, սննդակարգի ազդեցությունը տագնապային խանգարումների վրա դեռևս այնքան էլ պարզ չէ։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Nutrients բժշկագիտական հանդեսում։
Կետոգեն սննդակարգն օրգանիզմը տեղափոխում է այլընտրանքային էներգիայի աղբյուրի. ուղեղը գլյուկոզի փոխարեն սկսում է կետոնային մարմիններ օգտագործել, ինչը կարող է ազդել միտոքոնդրիալ ֆունկցիայի (բջջային էներգիայի «էլեկտրակայաններ». սպիտակուցներով հարուստ, լիպիդներ և ոչ մեծ քանակությամբ ՌՆԹ պարունակող բջջի ընդհանուր նշանակության օրգանոիդներ -խմբ.), օքսիդատիվ սթրեսի և բորբոքային գործընթացների վրա։
Գիտնականները համակարգված 50 հետազոտությունների վերանայում և մետա-վերլուծություն են անցկացրել 15 երկրներից, որոնց մասնակցել է ավելի քան 41 հազար կամավոր։ Մասնակիցների թվում էին դեպրեսիվ խանգարումներից, երկբևեռ խանգարումից, տագնապային խանգարումից տառապող մարդիկ, ինչպես նաև առողջ կամավորներ։ Հոգեկան առողջությունը գնահատվել է ստանդարտ սանդղակներով, մասնավորապես՝ PHQ-9-ով և GAD-7-ով։
Վերլուծությունը ցույց է տվել, որ կետոգեն սննդակարգին հետևող մասնակիցները դեպրեսիվ ախտանիշների ավելի մեծ նվազում են ունեցել, քան նրանք, ովքեր շարունակել են իրենց սովորական սննդակարգը։ Արդյունքը հատկապես նկատելի էր այն հետազոտություններում, որոնք չափում էին արյան մեջ կետոնների մակարդակը, այսինքն՝ երբ մասնակիցներն իրականում մտնում էին կետոզի փուլ։ Ածխաջրերի խիստ սահմանափակումը (կալորիականությունների մոտ 10%-ը) ավելի լավ արդյունքներ է տվել, քան պակաս սահմանափակող սննդակարգերը։
Անհանգստության վերաբերյալ արդյունքները պակաս համոզիչ էին. պատահականացված փորձարկումների ընթացքում անհանգստության ախտանիշների զգալի նվազում չի նկատվել, թեև որոշ ոչ այնքան խիստ հետազոտություններ բարելավումներ են արձանագրել։
Հեղինակներն ընդգծում են, որ կետոգեն սննդակարգը դեպրեսիայի համընդհանուր բուժում չէ։ Նրանք կոչ են անում հետագա լայնածավալ, երկարաժամկետ հետազոտություններ անցկացնել՝ հասկանալու համար՝ ով և ինչ պայմաններում կարող է օգտվել նման սննդակարգյից, և ինչպես են փոխկապակցված կետոզը և տրամադրության բարելավումը։
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում