Ինչպե՞ս շնչել, եթե թոքերը հրաժարվել են աշխատել։ Գիտնականները փորձարկում են նորարարական մեթոդ

2 դեկտեմբերի, 2025  08:39

Թականորի Թաքեբեն զբաղեցնում է Ցինցինատիի մանկական հիվանդանցի Ցողունային բջիջների և օրգանոիդների հետազոտության և բժշկության կենտրոնում (CuSTOM) առևտրային նորարարությունների գծով տնօրենի պաշտոնը։

Լինելով բժիշկ և կենսաբան, որը մասնագիտացած է ցողունային բջիջների մեջ, նա իր ժամանակի մեծ մասն անցկացնում է օրգանային անբավարարությունը բուժելու նպատակով լաբորատոր պայմաններում արտադրված լյարդի մշակմամբ, հայտնում է Euronews-ը։

Մի քանի տարի առաջ նա հետաքրքրվեց Ումբերի ընտանիքի ձկներով։ Երբ նրանք հայտնվում են թթվածնի պակաս ունեցող ջրերում, նրանք լրացնում են իրենց խռիկների շնչառությունը՝ ջրի մակերևույթից օդը կուլ տալով և այն ուղղակիորեն աղիքներ դուրս մղելով։

«Գոյություն ունեն բազմաթիվ հիվանդություններ, որոնք կարող են կյանքի համար վտանգավոր դառնալ, քանի որ խախտում են թոքերի՝ թթվածինն արյան մեջ տեղափոխելու ունակությունը», - բացատրում է Թաքեբեն Ցինցինատիի մանկական հիվանդանոցի առցանց ամսագրում։

Դրանցից են շնչուղիների վնասվածքները կամ բորբոքումը, թոքաբորբը, թոքերի հեղուկով լցվելը և շատ ավելին։ COVID համավարակի ժամանակ բազմաթիվ պացիենտներ են մահացեկ՝ թոքերի արհեստական օդափոխության սարքերի բացակայության պատճառով։

Թաքեբեի կարծիքով՝ էնտերալ շնչառությունը կարող է թթվածնի մատակարարման կարևոր այլընտրանքային ուղի լինել։

«Անհրաժեշտ է հետագա հաստատում, բայց մեր առաջին հետազոտությունները ցույց են տալիս, որ մեր օդափոխության համակարգը ի վիճակի է աջակցել ծանր շնչառական անբավարարությամբ պացիենտներին», - նշում է նա։

«Շնչառություն հետույքի միջոցով» հայեցակարգը ենթադրում է հեղուկի ներմուծում (այսպես կոչված պերֆտորածխածնի), որը հարստացված է թթվածնի զգալիորեն ավելի մեծ քանակությամբ։ Այն ուղիղաղիքային խողովակի միջոցով ներմուծելիս, աղիքի ստորին հատվածը կլանում է թթվածինը հեղուկից և այն անմիջապես փոխանցում արյան հոսքին։

Մկների և խոզերի վրա կատարված փորձերում, թթվածնով խիստ հարստացված հեղուկով հոգնաները թույլ են տվել կենդանիներին գոյատևել թթվածնի խիստ նվազեցված քանակությամբ փուլերում։ Խոզերի մոտ 400 միլիլիտր չափաբաժինը բարձրացրել է արյան մեջ թթվածնի մակարդակը մոտավորապես 19 րոպե։

Խոզերի հետ կատարված հետագա փորձերը, որոնց արդյունքները հրապարակվել են 2023 թվականին, ցույց են տվել, որ այս մեթոդի օգնությամբ հնարավոր է արյան թթվածնով հագեցվածությունը բարձրացնել նույնիսկ կես ժամով։

Հիմա հետազոտողները մարդկանց վրա ուսումնասիրում են «հետույքի միջոցով շնչառության» անվտանգությունը։

Ճապոնիայում 27 առողջ կամավոր տղամարդիկ հետանցքի միջոցով ստացել են թթվածնով չհագեցած պերֆտորդեկալինի չափաբաժին և այն պահել իրենց օրգանիզմում մեկ ժամ։ Մի խումբը ստացել է 25 միլիլիտր, իսկ ամենամեծ չափաբաժինը կազմել է 1,5 լիտր՝ առավելագույն թույլատրելի քանակությունը «կոնտրաստային նյութերի» համար, որոնք օգտագործվում են ստամոքս-աղիքային տրակտի ռենտգեն հետազոտությունների ժամանակ։

Վեց տղամարդկանցից չորսը, ովքեր ընդգրկված էին «մեկուկես լիտրի խմբում», ստիպված են եղել ժամկետից շուտ դադարեցնել բուժումը, քանի որ նրանց մոտ որովայնի ցավեր են առաջացել։ Այնուամենայնիվ, մասնակիցների մեծամասնությունը, ովքեր ստացել են մինչև մեկ լիտր, հեղուկը բավականին լավ են տանում, բացառությամբ փքվածության և թեթև անհանգստության, հայտնում է Թաքեբեի թիմը։

Հետազոտողները նշում են, որ «մատակարարման համակարգը» կատարելագործելու համար անհրաժեշտ են հետագա ուսումնասիրություններ։ Նպատակն է որոշել, թե որքան թթվածին և որքան ժամանակով կարելի է մատակարարել մարդու օրգանիզմին և արդյոք այն ունի անսպասելի ռիսկեր, թե ոչ։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում