Գաղտնիք չէ, որ որոշ դեպքերում հղիությունը ցավալի ավարտ կարող է ունենալ: Խոսքը վիժման մասին է, որը նաեւ հղիության ինքնաբերական ընդհատում անվամբ է հայտնի եւ, որպես կանոն, գեստացիայի առաջին 20 շաբաթների ընթացքում է տեղի ունենում: Վիժման հետեւանքով կինը կարող է ծանր ապրումներ ունենալ առ այն, որ տեղի ունեցածն իր սխալի հետեւանքն է: Մինչդեռ դեպքերի մեծամասնության պարագայում դա չի կարող ճշմարտությունը լինել: Վիժումը մեծ ի մասամբ պատահական բնույթ ունի եւ հաջորդական կրկնմամբ չի բնորոշվում, հաղորդում է Medical Daily-ն:
Վիժման պատճառների նշանակալի մասն, այդուհանդերձ, անհայտ են մնում: Ճիշտ է՝ հղիության առաջին եռամսյակում տեղի ունեցած դեպքերի՝ 70, եւ երկրորդ եռամսյակում՝ 20 տոկոսի պարագայում վիժման պատճառը կարող են քրոմոսոմային անոմալիաները համարվել: Այլ հնարավոր պատճառներից են վարակը, ինչպես նաեւ շրջակա միջավայրի կամ արդյունաբերական թունանյութերի ազդեցությունը: Որոշ դեպքերում էլ շաքարախտը, վահանաձեւ գեղձի հիվանդությունները եւ աուտոիմուն խանգարումները կարող են վիժում հրահրել: Ախտորոշման նպատակով իրականացվող ամնիոցենտեզի հետեւանքով վիժման վտանգի հավանականակություն եւս առկա է, թեեւ այն խիստ հազվադեպ դեպքերում է իրականություն դառնում: Ֆիզիկական վնասվածքը՝ ավտովթարի կամ բարձրությունից, օրինակ՝ աստիճաններից ընկնելու արդյունքում, նույնպես կարող է վիժման պատճառ հանդիսանալ: Որոշ դեպքերում էլ հղիության ինքնաբերական ընդհատման մեղավորը թմրամոլությունը կամ ծխելու սովորությունն են դառնում:
Բազմաթիվ հետազոտությունների արդյունքում ձեռք բերված տվյալների համաձայն, հղիության բոլոր դեպքերի 10-25 տոկոսը վիժմամբ են ավարտվում: Այդուհանդերձ, ցավալի ավարտով բնորոշվող դեպքերի թիվը կարող է ավելի բարձր լինել: Օրինակ՝ կենսաքիմիական հղիության պարագայում, ինքնաբերական ընդհատումը բեղմնավորման պահից հետո այնքան կարճ ժամանակում է ի հայտ գալիս եւ դաշտանային օրերին արյունահոսությամբ բնորոշվում, որ կանայք մեծ ի մասամբ անտեղյակ են մնում՝ տեղի ունեցածի մասին: Նման դեպքերում ուլտրաձայնային հետազոտությամբ անգամ սաղմը չի երեւում, կամ կարող է երեւալ՝ առանց սրտի աշխատանքի: Ճիշտ է՝ դեպքի հետեւանքները կարող են վեր հանվել՝ գինեկոլոգի մոտ հետագա այցելության ընթացքում:
Արյունահոսությունը վիժման առաջին նախանշանն է հանդիսանում: Թեեւ հարկ է նշել, որ յուրաքանչյուր չորրորդ կնոջ մոտ հղիության առաջին եռամսյակի ընթացքում թեթեւ հեշտոցային արյունահոսություն կարող է նկատվել, այնպես որ հիշյալ երեւույթը ոչ բոլոր դեպքերում է վիժման վտանգ կանխատեսում: Այդուհանդերձ, առատ արյունահոսության պարագայում հարկ է անմիջապես բժշկի օգնությանը դիմել: Ցավերը՝ որովայնի ստորին հատվածում եւ հեղուկների ու հյուսվածքների տեսքով արտանետումները՝ հեշտոցից, եւս վիժման ախտանշանների շարքին են դասվում:
Վիժման ընթացքում արյունահոսության եւ ցավերի ուժգնացում է նկատվում: Այնպես որ, եթե անտանելի ցավեր ունեք կամ արտաարգանդային հղիության բարձր հավանականություն է գործում (ռիսկի գործոններից են արտաարգանդային հղիութան նախընթաց դեպքը, ներարգանդային պարույրի առկայությունը, փոքր կոնքի օրգանների ինֆեկցիայով նախկինում վարակված լինելու հանգամանքը կամ անպտղությունը), հարկավոր է անհապաղ մասնագիտական օգնության դիմել: Արտաարգանդային հղիությունը անհապաղ բժշկական միջամտություն պահանջող բարդություն է համարվում:
Դեպքերի մեծամասնության պարագայում, երբ վիժման գործընթաց է սկսվել, ոչինչ հնարավոր չէ անել: Բազմաթիվ կանայք պարզապես թողնում են, որ այն իր բնականոն ընթացքով ավարտվի: Որոշներն էլ բժշկական միջամտությանը կամ դեղամիջոցների օգնությանն են դիմում՝ արգանդը մաքրելու համար: Անկախ ամեն ինչից, գործընթացը կարող է շատ արագ ավարտվել, իսկ որոշ դեպքերում էլ՝ մի քանի օր տեւել:
Այդուհանդերձ, եթե վիժումն այլեւս փաստ է դարձել, լավ կլինի՝ արտանետված հյուսվածքների մի մասը պահպանեք՝ հետազոտության համար, որի արդունքները բժշկին տեղի ունեցածի պատճառները վեր հանելու եւ դրա կրկնությունը կանխարգելելու հնարավորություն կարող են ընձեռել: Վիժման արդյունքում մեծ քանակությամբ արյուն, կույտերով՝ ընկերքը եւ սաղմ հիշեցնող հյուսվածքներ կարող են արտանետվել: Եթե դեպքը տանն է պատահել, կարող եք դրանց մի մասը, ապակե տարայի մեջ առնելով, սառը վայրում պահպանել եւ հնարավորինս շուտ բժշկի մոտ տանել: Ախտաբանական հետազոտության արդյունքների մեկ օրինակը Ձերն է համարվում:
Վիժումից հետո արյունահոսությունն աստիճանաբար նվազում է եւ մի քանի օրից վերանում: Սակայն որոշ դեպքերում հղիության ինքնաբերական ընդհատումը հետագա բարդությունների կարող է վերաճել: Մասնավորապես, եթե արյունահոսության ուժգնացում եւ հոտով արտադրություն եք նկատում, իսկ արյան գույնը շարունակում է մուգ կարմիր մնալ, զուգահեռաբար էլ բարձր ջերմություն եւ ցավեր ունեք, բժշկի անհապաղ օգնության կարիք կարող է զգացվել:
Բժիշկների մեծ մասը խորհուրդ են տալիս վիժման դեպքից հետո երկու շաբաթ ձեռնպահ մնալ սեռական հարաբերություններից՝ վարակներից խուսափելու նպատակով: Առաջարկվում է նաեւ մի քանի շաբաթ անց հղիության թեստ հանձնել՝ համոզվելու համար, որ հորմոնները նորմալ մակարդակի են վերադարձել:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում