Լոնդոնի Թագավորական քոլեջի գիտնականները պարզել են, որ թեոբրոմինը բնական միացություն է, որը մուգ շոկոլադին դառը համ է տալիս, այն կարող է դանդաղեցնել ծերացումը մոլեկուլյար մակարդակում։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Aging ամսագրում։
Թեոբրոմինը պատկանում է այն նյութերի ընտանիքին, որտեղ ներառված են կոֆեինը եւ թեոֆիլինը։ Մարդու օրգանիզմում այն գործում է որպես փափուկ խթանիչ՝ բարձրացնելով զգոնությունն առանց նյարդայնության։ Կակաոյում թեոֆիլինի խտությունը հատկապես բարձր է։
Գիտնականները վաղուց ենթադրում էին, որ բուսական միացությունները կարող են փոխել գեների ակտիվությունը ԴՆԹ-ի վրա էպիգենետիկ նշանների միջոցով, որոնք տարիքի հետ փոփոխվում են։ Այս տեսությունը հաստատելու համար թիմը վերլուծել է 509 կանանց տվյալները TwinsUK հետազոտությունից եւ 1 160 մասնակիցների տվյալները KORA կոհորտայից Գերմանիայում։ Գիտնականները համեմատել են մասնակիցների արյան մեջ տարբեր մետաբոլիտների մակարդակները եւ գնահատել ԴՆԹ մեթիլավորումը՝ գեների ակտիվության փոփոխությունները։
Արդյունքները ցույց են տվել՝ թեոբրոմինի ավելի բարձր մակարդակը օրգանիզմում կապված է «էպիգենետիկ ծերացման» դանդաղման հետ, որը չափվում է GrimAge եւ DNAmTL հատուկ թեստերով։ Այս եզրակացությունները համաձայնեցվում են կենդանիների վրա կատարված փորձերի հետ. C. elegans-ների (կլոր որդերի) մոտ թեոբրոմինը երկարացրել է կյանքը, բարելավել լիպիդային պրոֆիլը, արյան ճնշումը եւ կոգնիտիվ գործառույթները։
Հեղինակները նշել են, որ թեոբրոմինի ազդեցությունը կարող է մասամբ կապված լինել կակաոյի այլ բաղադրիչների, ինչպիսիք են պոլիֆենոլները, ինչպես նաեւ մասնակիցների կենսակերպի հետ։ Միացության օգտակար ազդեցությունը հատկապես նկատելի էր ծխողների մոտ, ինչը ենթադրում է, որ թեոբրոմինը կարող է չեզոքացնել նիկոտինի պատճառած էպիգենետիկ վնասը։
«Հաջորդ քայլը հասկանալն է, թե արդյոք թեոբրոմինը գործում է ինքնուրույն, թե այլ նյութերի հետ համատեղ»,- նշել է հետազոտության առաջատար հեղինակ Ռամի Սաադը։
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում