Լյարդի փոխպատվաստումը Հայաստանում հեղափոխություն էր վիրաբուժության մեջ, ասում է «Աստղիկ» բժշկական կենտրոնի վիրաբուժության բաժանմունքի վարիչ, Գիտությունների ազգային ակադեմիայի՝ բժշկագիտության ոլորտում 2025 թվականի մրցանակին արժանացած փոխպատվաստման թիմի անդամ Արայիկ Ոսկանյանը։
Այս տարի ակադեմիական մրցանակները շնորհվում են երկրորդ անգամ, սակայն առաջին անգամ՝ բժշկագիտության բնագավառում։ Դա ավելի է պարտավորեցնում դափնեկիրներին։ «Այս մրցանակը մեր նվաճումների ճանաչումն է ոչ միայն պրակտիկ վիրաբուժության, այլև գիտության ոլորտում»,- ասում է Ոսկանյանը։
Կենդանի դոնորից լյարդի փոխպատվաստումը Հայաստանում առաջին անգամ կատարվել է «Աստղիկ» բժշկական կենտրոնում 2019 թվականին։ «Արաբկիր» բժշկական համալիրի մանկական վիրաբույժներն այնուհետև ընդօրինակել են «Աստղիկ»-ի մասնագետների փորձը։
Դրանից առաջ երիկամների փոխպատվաստման փորձ Հայաստանում արդեն կուտակվել էր։ Սակայն լյարդի փոխպատվաստումն աչքի է ընկնում իր բարդությամբ։ Այս դեպքում դիալիզի պես փրկարար օղակ չկա։ «Լյարդի փոխպատվաստման դեպքում, եթե հետվիրահատական փուլում սկսում է օրգանի մերժում, և տրանսպլանտատը չի կարողանում կատարել իր գործառույթը, մենք կորցնում ենք բուժառուին։ Հետևաբար, մենք շատ շատ հանգամանորեն ենք պատրաստվում. ցանկացած վրիպում աններելի է»,- ասում է Արայիկ Ոսկանյանը։ Շատ կարևոր է նաև կլինիկայի ընդհանուր պատրաստվածությունը՝ սարքավորումները, վիրահատարանի, վերակենդանացման բաժանմունքի հագեցվածությունը, ասում է նա։
Նշենք, որ 2019 թվականից մինչ օրս Հայաստանում՝ «Աստղիկ» և «Արաբկիր» բժշկական կենտրոններում իրականացվել է լյարդի 13 փոխպատվաստում, սակայն հերթում սպասող բուժառուների ցանկը զգալիորեն ավելի երկար է։
Հենց այդ պատճառով մասնագետները նշում են, որ շատ կարևոր է ներդնել լյարդի փոխպատվաստումը դիակային դոնորից։ Նման փոխպատվաստումն անհամեմատ ավելի արդյունավետ է, քանի որ ռեցիպիենտը ամբողջական լյարդ է ստանում, այլ ոչ թե միայն մի մասը, ինչպես կենդանի դոնորի դեպքում։ «Կառավարությունը որոշակի քայլեր է ձեռնարկում այդ ուղղությամբ, բայց առջևում երկար ճանապարհ է սպասվում»,- ասում է վիրաբույժը։ Նա նշում է, որ անհրաժեշտ է կարգավորել իրավական դաշտը, և պետք է հաշվի առնվեն ազգային մտածելակերպի և կրոնական հայացքների առանձնահատկությունները. ճիշտ մոտեցման դեպքում դրանք խոչընդոտ չեն դառնա։ Սակայն առաջնահերթ խնդիրը «ուղեղի մահվան» հասկացության ամրապնդումն է՝ ինչպես բժշկական համայնքում, այնպես էլ բնակչության շրջանում։
«Վերակենդանացման բաժանմունքներում մահացած մարդիկ պահվում են մինչև սրտի կանգը, որը որ շատ դաժան իրականություն է։ Ամեն օր վերակենդանացման բաժանմունքում համայց կատարելով, մենք տեսնում ենք տաժանակիր վիճակ և՛ մահացած մարդու համար, և՛ հարազատների համար։ Եկեք փոխպատվաստումը դեռևս մոռանանք և ընդունենք ուղեղի մահը, և ուղեղի մահը գրանցելուց 48 ժամ հետո ապարատը անջատելու հնարավորությունը։ Այդ մահացած մարդուն ազատենք տանջանքներից, մահացած մարդուն չդնենք շնչացնենք, ինչ է սիրտը աշխատում է», -ասում է Արայիկ Ոսկանյանը։
Բժշկության ոլորտում ԳԱԱ մրցանակը շնորհվել է «Աստղիկ» բժշկական կենտրոնի տնօրեն Ասատուր Ասատրյանին, վիրաբուժության գծով փոխտնօրեն Հայրապետ Բարսեղյանին, վիրաբուժության բաժանմունքի վարիչ Արայիկ Ոսկանյանին, վիրաբույժ և փոխպատվաստման թիմի համակարգող Հայկ Հարությունյանին և վերակենդանացման ծառայության ղեկավար Անահիտ Հախեյանին՝ «Կենդանի դոնորից լյարդի փոխպատվաստման ներդրումն ու զարգացումը Հայաստանում. առաջին քայլերից դեպի կայուն մասնագիտական ծրագիր» աշխատանքի համար։ ՀՀ ԳԱԱ մրցանակաբաշխությունը տեղի է ունեցել նոյեմբերի 10-ին` Հանուն խաղաղության և զարգացման գիտության համաշխարհային օրը։
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում