Մարդու աղիքային մանրէները կարող են զարգանալ հաշվված տասնամյակներում՝ ի պատասխան սննդաբաժնի փոփոխության։ Այսպիսի եզրահանգման են եկել էվոլյուցիոն կենսաբանները Լոս Անջելեսի Կալիֆոռնիական համալսարանից, որոնք հայտնաբերել են, որ արդյունաբերական երկրների բնակիչների մի շարք միկրոբներում սրընթաց տարածվել են գեներ, որոնք օգնում են մարսել գերվերամշակված մթերքների օսլաները։ Աշխատանքը հրապարակվել է Nature ամսագրում։
Խոսքն արդյունաբերական ծագման օսլայական միացությունների մասին է, որոնք սկսել են լայնորեն օգտագործվել սննդարդյունաբերությունում միայն XXդ. երկրորդ կեսից սկսած։ Հեղինակների խոսքով՝ այսքան արագ գենետիկական փոփոխությունները մատնանշում են բնական ընտրության ուժեղ ազդեցության մասին։
Գիտնականները վերլուծել են աղիքային մանրէների մոտ 30 տեսակների գենոմները՝ օգտագործելով տվյալներ աշխարհի տարբեր մասերից։ Նրանք հայտնաբերել են այսպես կոչված «գենետիկական սվիփներ»՝ ԴՆԹ հատվածներ, որոնք կարճ ժամանակում դարձել են գերիշխող տեսակի ներսում։ Այդ փոփոխությունների առանցքային մեխանիզմը գեների հորիզոնական տեղափոխումն է՝ պրոցես, որի ժամանակ մանրէները ԴՆԹ-ն փոխանցում են մեկը մյուսին, այլ ոչ միայն սերնդին։
Ավելի վաղ հորիզոնական տեղափոխումը լավ հայտնի էր որպես հակաբիոտիկների հանդեպ կայունության արագ տարածման պատճառ, սակայն դրա դերը աղիների միկրոբների էվոլյուցիայում մնում էր քիչ ուսումնասիրված։
«Օսլաների նոր տեսակները մարսելու ունակությունը բնական ընտրության թիրախ է հանդիսացել։ Բայց ավելի կարեւոր է այն, որ մենք տեսնում ենք աղիքային մանրէների էվոլյուցիայի տարբեր ուղղություններ արդյունաբերական եւ ոչ արդյունաբերական շրջանների մարդկանց մոտ»,- նշել է աշխատանքի համահեղինակ, ասպիրանտ Ռիչարդ Վոլֆը։
Կարեւոր օրինակներից մեկն է դարձել մալտոդեկստրինի վերամշակման հետ կապված գենը, նյութ, որն ստացվում է եգիպտացորենի օսլայից եւ լայնորեն կիրառվում է վերամշակված մթերքներում 1960-ական թթ.։ Այդ գենը ակտիվորեն տարածվել է միայն արդյունաբերական երկրների մարդկանց մանրէներում։
Հետազոտողների խոսքով՝ առայժմ չի կարելի վստահաբար ասել, թե արդյոք հարմարվում են միկրոբները միայն մալտոդեկստրինին, թե մոդիֆիկացված օսլաների ավելի լայն դասին։ Սակայն արմատապտուղների եւ մրգերի վրա հիմնված ավանդական եւ ժամանակակից (մեծ քանակությամբ սնեկներ եւ կիսաֆաբրիկատներ) սննդակարգերի միջեւ տարբերությունը, հավանաբար, ստեղծում է նոր էվոլյուցիոն ուղղություն։
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում