Գիտնականները կապ են հայտնաբերել դառը շոկոլադի օգտագործման և օրգանիզմի կենսաբանական ծերացման դանդաղեցման միջև։ Ինչպես ցույց է տվել Լոնդոնի Թագավորական քոլեջի մասնագետների նոր հետազոտությունը, այս հարցում առանցքային դեր կարող է խաղալ թեոբրոմինը՝ ալկալոիդ, որը պարունակվում է կակաոյի հատիկներում։ Աշխատանքը հրապարակվել է Aging ամսագրում։
Հետազոտողները վերլուծել են երկու անկախ ռեգիստրներից վերցված 1669 մարդու արյան նմուշներ։ Նրանք գնահատել են կոֆեինի և թեոբրոմինի մետաբոլիտների կոնցենտրացիաները, ինչպես նաև կենսաբանական տարիքի երկու մարկերներ, որոնք հիմնված են ԴՆԹ-ի մեթիլացման փոփոխությունների վրա։ Դրանցից մեկն արտացոլում է ընդհանուր «էպիգենետիկ տարիքը», մյուսը՝ տելոմերների՝ քրոմոսոմների ծայրերում գտնվող պաշտպանիչ հատվածների վիճակը։
Արդյունքները ցույց են տվել, որ արյան մեջ թեոբրոմինի բարձր մակարդակ ունեցող մարդկանց մոտ կենսաբանական տարիքը միջինում ավելի ցածր է եղել, քան ժամանակագրական տարիքը։ Ընդ որում, ո՛չ կոֆեինը, ո՛չ կակաոյի կամ սուրճի մեջ առկա այլ միացությունները նման կապ չեն դրսևորել։
«Մեր հետազոտությունը բացահայտել է կապ դառը շոկոլադի հիմնական բաղադրիչի և ավելի դանդաղ կենսաբանական ծերացման միջև»,- պատմել է Լոնդոնի Թագավորական քոլեջի էպիգենոմիկ հետազոտող Ջորդանա Բելը։ Նրա խոսքով՝ խոսքը ավելի շատ շոկոլադ, հատկապես քաղցր շոկոլադ ուտելու հանձնարարականի մասին չէ։
«Այնուամենայնիվ, այս տվյալները օգնում են հասկանալ, թե ինչպես սովորական մթերքները կարող են կապված լինել ավելի առողջ և երկարատև ծերացման հետ»,- ընդգծել է նա։
Հեղինակները նշել են, որ կենսաբանական տարիքը ոչ թե ձևական ցուցանիշ է, այլ օրգանիզմի վիճակի արտացոլումը. որքան ցածր է այն, այնքան ավելի երկար են պահպանվում հյուսվածքների և օրգանների գործառույթները: Միևնույն ժամանակ, շոկոլադը չի կարելի դիտարկել որպես «հակածերացման միջոց». մեծ քանակությամբ օգտագործվելու դեպքում այն մնում է բարձր կալորիականություն ունեցող մթերք՝ շաքարի և ճարպերի բարձր պարունակությամբ:
«Սա շատ հուսադրող դիտարկում է և հաջորդ քայլը հասկանալն է, թե ինչ մեխանիզմներ են ընկած այս կապի հիմքում և ինչպես են սննդային մետաբոլիտները փոխազդում էպիգենոմի հետ»,- նշել է աշխատանքի համահեղինակ, կլինիկական գենետիկ Ռամի Սաադը:
Գիտնականները ենթադրում են, որ թեոբրոմինը, ինչպես և մյուս ալկալոիդները, կարող է ազդել գեների ակտիվության կարգավորման վրա, իսկ դրա միջոցով՝ բորբոքումների, նյութափոխանակության և ծերացման գործընթացների վրա: Հետագայում հետազոտողները պլանավորում են ուսումնասիրել՝ արդյոք թեոբրոմինը գործում է ինքնուրույն, թե՞ կակաոյի այլ բաղադրիչների, օրինակ՝ պոլիֆենոլների հետ համակցված:
«Թեև անհրաժեշտ են լրացուցիչ հետազոտություններ, այս արդյունքներն ընդգծում են պոպուլյացիոն տվյալների արժեքը ծերացման և գենետիկայի ուսումնասիրման համար»,- եզրափակել է մոլեկուլային կենսաբան Ռիկարդու Կոստեյրան:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում