Մաթեմատիկական բանաձևերն ընդդեմ ուղեղի առեղծվածների. նոր հայացք աուտիզմի և տարիքի վրա

7 հունվարի, 2026  14:31

Գիտնականների միջազգային խմբի նոր հետազոտությունը ցույց է տվել, որ մաթեմատիկական խիստ մեթոդները կարող են օգնել ավելի լավ հասկանալ, թե ինչպես է փոխվում ուղեղի աշխատանքը տարիքի հետ և աուտիստիկ սպեկտրի խանգարման դեպքում: Աշխատանքը կատարվել է մաթեմատիկայի և նյարդագիտության ոլորտի մասնագետների կողմից և հրապարակվել է Patterns ամսագրում:

Ուղեղի սկանավորման ժամանակակից մեթոդները թույլ են տալիս տեսնել, թե ինչպես են դրա տարբեր տիրույթները փոխազդում միմյանց հետ՝ նույնիսկ հանգստի վիճակում: Սակայն նման տվյալները չափազանց բարդ են. ուղեղի հարյուրավոր հատվածներ ձևավորում են կապերի խճճված համակարգ և միշտ չէ, որ պարզ է, թե դրանցից որոնք են իրականում կարևոր: Նոր հետազոտության մեջ գիտնականները կիրառել են մաթեմատիկական ոլորտի մի մոտեցում, որը թույլ է տալիս վերլուծել ոչ թե առանձին կապերը, այլ ամբողջ համակարգի ընդհանուր կառուցվածքն ու կայունությունը:

Նախապես «ուժեղ» և «թույլ» կապերի պայմանական շեմերը սահմանելու փոխարեն, հետազոտողները հետևել են, թե ուղեղային ցանցի որ տարրերն են պահպանվում փոխազդեցության տարբեր մակարդակներում և որոնք են արագ անհետանում: Սա թույլ է տվել որոշել, թե ուղեղի որ տիրույթներն են առանցքային դեր խաղում դրա աշխատանքի ընդհանուր կազմակերպման մեջ: Դրա համար ներդրվել է նոր ցուցանիշ, որն արտացոլում է, թե որքան կայուն է ուղեղի կոնկրետ հատվածը ներգրավված ամբողջ ցանցի աշխատանքում:

Ավելի քան հազար մարդու տվյալների վերլուծությունը ցույց է տվել, որ երիտասարդների մոտ ուղեղային ցանցերն ընդհանուր առմամբ ավելի բարդ են և կայուն, քան տարեցների մոտ: Աուտիզմի դեպքում պատկերն այլ է. ուղեղի տիրույթների միջև կապերն ավելի քիչ կարգավորված են, իսկ ընդհանուր կառուցվածքը՝ ավելի փոփոխական: Ընդ որում, փոփոխությունները ոչ բոլոր հատվածների վրա են ազդում նույն կերպ: Տարիքի հետ ավելի շատ փոխվում են շարժման և ուշադրության հետ կապված գոտիները, մինչդեռ աուտիզմի դեպքում տարբերություններն առավել նկատելի են սոցիալական փոխազդեցության, մտածողության և տեղեկատվության մշակման համար պատասխանատու տիրույթներում:

Հետազոտողները բացահայտել են ուղեղի տասնյակ կոնկրետ հատվածներ, որտեղ կապերի կառուցվածքն աուտիզմի դեպքում տարբերվում է և ավելի քան հարյուր տիրույթներ, որոնք զգայուն են տարիքային փոփոխությունների նկատմամբ: Դրանցից շատերը նախկինում արդեն կապվել էին հիշողության, խոսքի, շարժման և սոցիալական վարքագծի հետ:

Հեղինակներն ընդգծում են, որ այս մոտեցման արժեքը ոչ միայն տարբերությունների հայտնաբերման մեջ է, այլև այն հնարավորության, որը թույլ է տալիս հստակ մատնանշել, թե հատկապես որտեղ են դրանք առաջանում: Հեռանկարում սա կարող է օգնել ավելի ճշգրիտ ախտորոշման և թերապիայի նոր ուղղությունների մշակման հարցում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում