Լայնորեն տարածված որոշ սննդային կոնսերվանտների օգտագործումը կարող է կապված լինել օնկոլոգիական հիվանդությունների և 2-րդ տիպի դիաբետի զարգացման ռիսկի չնչին ավելացման հետ: Նման եզրակացության են եկել ֆրանսիացի գիտնականները: Աշխատությունը հրապարակվել է Nature Communications (NatCom) ամսագրում:
Հետազոտությունը հիմնված է եղել լայնածավալ երկարաժամկետ նախագծի տվյալների վրա, որի շրջանակներում Ֆրանսիայի ավելի քան 100 հազար բնակիչ կանոնավոր կերպով լրացնում են իրենց սննդակարգի մասին մանրամասն հարցաթերթիկներ: Գիտնականները համադրել են սննդային հավելումների օգտագործման մասին տեղեկատվությունը՝ մասնակիցների հետագա ախտորոշումների հետ:
Ամենից հստակ կապը հայտնաբերվել է նատրիումի նիտրիտի և շագանակագեղձի քաղցկեղի միջև. ռիսկն աճել է մոտ մեկ երրորդով: Միևնույն ժամանակ, հեղինակները շեշտում են, որ ռիսկի բացարձակ աճը մնում է չափավոր. համեմատության համար նշենք, որ ակտիվ ծխելը թոքերի քաղցկեղի հավանականությունը մեծացնում է ավելի քան 15 անգամ:
Կապ է հայտնաբերվել նաև որոշ սննդային հավելումների օգտագործման և 2-րդ տիպի դիաբետի զարգացման միջև։ Մասնավորապես, կալիումի սորբատ կոնսերվանտը, որն օգտագործվում է բորբոսի և բակտերիաների աճը ճնշելու համար, ասոցացվել է հիվանդության ռիսկի կրկնակի ավելացման հետ։
Աշխատանքի ղեկավար, համաճարակաբան Մատիլդա Տուվյեն ընդգծել է, որ խոսքը ուղղակի պատճառահետևանքային կապի մասին չէ։ Նրա խոսքով՝ «կոնսերվանտներով մթերքների օգտագործումը չի նշանակում, թե մարդն անմիջապես կհիվանդանա քաղցկեղով», սակայն նման նյութերի ազդեցության մակարդակը հարկավոր է սահմանափակել։ Սպառողների համար հիմնական հանձնարարականն է՝ հնարավորության դեպքում ընտրել նվազագույն վերամշակման ենթարկված մթերքներ։
Փորձագետները համամիտ են այն հարցում, որ անհրաժեշտ են լրացուցիչ հետազոտություններ իրականացնել՝ նախքան միանշանակ եզրակացություններ անելը կամ սպառողական վարքագիծը փոխելը։ Հնարավոր միջոցառումների թվում քննարկվում է, օրինակ, նիտրիտներ և նիտրատներ պարունակող մթերքների վրա զգուշացնող մակնշումների ներդրումը։
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում