Մեծ Բրիտանիայի Բրիստոլի համալսարանի գիտնականների և սննդի գծով ամերիկացի փորձագետների իրականացրած նոր հետազոտությունը ցույց է տալիս, որ ամբողջական, նվազագույն մշակում անցած մթերքներից բաղկացած սննդակարգին լիարժեք հետևելը կարող է հանգեցնել նրան, որ մարդը քաշով զգալիորեն ավելի շատ սնունդ ընդունի, սակայն միևնույն ժամանակ սպառի նկատելիորեն ավելի քիչ կալորիա, քան ուլտրա-վերամշակված մթերքների (UPF) վրա հիմնված սննդակարգի դեպքում։
Հետազոտության արդյունքները հրապարակվել են The American Journal of Clinical Nutrition ամսագրում:
Խոշոր կլինիկական հետազոտության տվյալների վերանայված վերլուծության ընթացքում գիտնականները պարզել են, որ ամբողջական սննդակարգին հետևող մասնակիցները սպառել են զանգվածով մոտ 57%-ով ավելի շատ սնունդ, սակայն օրական միջինում ստացել են 330 կալորիա պակաս:
Նման համադրությունը պարադոքսալ է թվում, սակայն այն նոր լույս է սփռում մարդու սննդային վարքագծի մեխանիզմների վրա:
Հետազոտության հեղինակները ենթադրում են, որ ամբողջական մթերքներով սնվելիս մարդը բնազդաբար ընտրում է վիտամիններով, հանքանյութերով և բջջանյութով հարուստ մթերքներ՝ առաջին հերթին մրգեր և բանջարեղեն, որոնք հագեցվածության զգացում են ստեղծում առանց սննդակարգի էներգետիկ արժեքի զգալի ավելացման։ Մասնավորապես, մասնակիցները մեծ քանակությամբ մրգեր և բանջարեղեն են կերել, ինչն օգնել է նրանց ստանալ անհրաժեշտ միկրոնուտրիենտները՝ առանց կալորիական գերբեռնվածության։
Ի հակադրություն սրան՝ գերվերամշակված մթերքները, որոնցով այնքան հագեցած է ժամանակակից սննդային միջավայրը, հաճախ պարունակում են թե՛ բարձր էներգետիկ խտություն, թե՛ հավելյալ վիտամիններ (ֆորտիֆիկացիայի միջոցով), ինչը կարող է քողարկել կալորիականությունը և խթանել բարձր էներգետիկ արժեք ունեցող կերակուրների չարաշահումը նույնիսկ փոքր չափաբաժինների դեպքում: Գիտնականներն այս երևույթն անվանում են «միկրոնուտրիենտային զինաթափում», երբ միաժամանակ բարձր կալորիականություն և միկրոնուտրիենտներ ունեցող մթերքների սպառումը խաթարում է հագեցվածության ազդանշանների և սննդարար արժեքի միջև բնական հավասարակշռությունը:
Հետազոտության արդյունքներն ընդգծում են, որ կարևոր են ոչ միայն կալորիաները, այլև սննդի որակը՝ սննդարար նյութերի համադրությունը, սննդի կառուցվածքը և դրա ազդեցությունը մարդու սննդային վարքագծի վրա: Նման մոտեցումը հաստատում է այն գաղափարը, որ գոյություն ունի յուրօրինակ «սննդային բնազդ», որն օգնում է մարդուն ընտրել ավելի հավասարակշռված սնունդ, եթե այն հասանելի է բնական տեսքով, սակայն այդ բնազդը կարող է ճնշվել վերամշակված սննդի ժամանակակից մշակույթի կողմից:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
month
week
day