50 տարվա ընթացքում առաջին անգամ փորձագետները ցանկանում են սննդային մանրաթելը «անփոխարինելի» սննդանյութ ճանաչել

22 հունվարի, 2026  00:38

Նոր Զելանդիայի Օտագոյի համալսարանը ներկայացնող միջազգային սննդաբանների խումբը կոչ է անում վերանայել սննդի դերի գլոբալ ըմբռնումը և սննդային մանրաթելը պաշտոնապես անփոխարինելի սննդանյութ ճանաչել։

Սա առաջին դեպքն է, երբ ավելի քան 50 տարվա ընթացքում նոր «անհրաժեշտ» սննդանյութ ավելացում է կատարվել. մինչ օրս այս ցանկում են եղել միայն վիտամիններ, հանքանյութեր և որոշակի ամինաթթուներ, որոնք մարդու օրգանիզմը չի կարող սինթեզել, սակայն կենսական նշանակություն ունեն առողջության համար։

Nature Food-ում հրապարակված համապատասխան հոդվածի հեղինակները նշում են, որ վերջին տասնամյակների ընթացքում սննդային մանրաթելի ֆիզիոլոգիայի, քիմիական կազմի և նյութափոխանակության ազդեցության վերաբերյալ կուտակված տվյալները թույլ են տալիս եզրակացնել, որ մանրաթելն իսկապես համապատասխանում է անհրաժեշտ սննդանյութերի համար սովորաբար կիրառվող չափանիշներին։ Մասնավորապես, օրգանիզմն այն չի արտադրում, սակայն դրա բացակայությունը բացասաբար է ազդում առողջության վրա, և դրա սպառման ավելացումը, ինչպես ցույց է տրվել, սերտորեն կապված է հիմնական ցուցանիշների բարելավման հետ։

Հետազոտողներն ընդգծում են, որ սննդային մանրաթելերի ավելացված ընդունումը կապված է երկարաժամկետ հեռանկարում քաշի, խոլեստերինի, արյան մեջ շաքարի և արյան ճնշման ցածր մակարդակի, ինչպես նաև սրտանոթային հիվանդությունների, 2-րդ տիպի շաքարախտի և հաստ աղիքի քաղցկեղի ռիսկի նվազման հետ: Մարդիկ, որոնք սննդի մեջ հաճախակի են օգտագործում մանրաթելեր, նրանց ավելի քիչ է սպառնում վաղաժամ մահվան վտանգը։

Աղիքային միկրոֆլորան կարևոր դեր է խաղում այդ հարաբերություններում. օգտակար մանրէների մեծ մասը սնվում է սննդային մանրաթելով, իսկ դրա մետաբոլիտներն օգնում են ամրապնդել իմունային համակարգը և պաշտպանել աղիքային լորձաթաղանթը: Հենց այդ փոխազդեցությունն է դարձել մանրաթելը որպես լիարժեք սննդանյութ ճանաչելու փաստարկներից մեկը։

Փորձագետները նշում են, որ սննդային մանրաթելերի ներառումը միջազգային հանձնարարականներում որպես «անփոխարինելի» սննդային բաղադրիչ լայն ազդեցություն կունենա հասարակության վրա. այն կխրախուսի ամբողջական բուսական սննդամթերքների, մասնավորապես՝ անխառն հացահատիկների, լոբազգիների, բանջարեղենի և մրգերի վրա ավելի մեծ շեշտադրում կատարել սննդային ուղեցույցներում, կրթության և սննդի պիտակավորման մեջ, և կարող է միաժամանակ նպաստել ավելի բարձր մանրաթելային պարունակությամբ արդյունաբերական արտադրանքի վերաձևակերպմանը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում