Նոր հետազոտությունը ցույց է տվել, որ մշտական աերոբիկական վարժությունները կարող են դանդաղեցնել գլխուղեղի ծերացման կարեւոր մարկերը միջին տարիքի մարդկանց մոտ։
AdventHealth Research Institute-ի եւ Փիտսբուրգի համալսարանի (ԱՄՆ) գիտնականները ռանդոմիզացված կլինիկական փորձ են կատարել, որին մասնակցել են 26-58 տարեկան 130 մեծահասակներ, որոնք հետազոտության սկզբում եղել են հարաբերականորեն առողջ, բայց ֆիզիկապես՝ ոչ ակտիվ։
Կամավորների կեսը 12 ամիս շարունակ շաբաթական մոտ 150 րոպե տեւողությամբ միջինից մինչեւ ուժեղ ինտենսիվության աերոբիկական վարժություններ է կատարել, մինչդեռ վերահսկիչ խումբը շարունակել է սովորական նստակյաց ապրելակերպը։
Ուղեղի վրա վարժությունների ազդեցությունը գնահատելու համար հետազոտողներն օգտագործել են brain-predicted age difference (brain-PAD) կոչվող ցուցիչը՝ ՄՌՏ սքանավորման վրա հիմնված բիոմարկեր, որն արտացոլում է մարդու իրական տարիքի եւ պատկերներում երեւացող նրա ուղեղի միջեւ եղած տարբերությունը։ Brain-PAD-ի ցածր արժեքը ցույց է տալիս, որ ուղեղն ավելի «երիտասարդ» է թվում, քան իրական տարիքն է։
Արդյունքները ցույց են տվել, որ կանոնավոր աերոբիկական վարժություններով զբաղվող մասնակիցների մոտ brain-PAD-ը նվազել է մոտ 0.60 տարով մեկ տարվա վարժություններից հետո, մինչդեռ վերահսկիչ խմբում այս մարկերը նույն ժամանակահատվածում փոքր-ինչ աճել է մոտ 0.35 տարով։ Խմբերի միջեւ տարբերությունը կազմել է գրեթե 0.95 տարի՝ հօգուտ ֆիզիկական ակտիվության, ինչը ցույց է տալիս, որ կանոնավոր վարժությունները կարող են ուղեղը «երիտասարդացնել» գրեթե մեկ տարով՝ նրանց համեմատ, ովքեր չեն մարզվել։
Բացի այդ, աերոբիկական վարժություններ կատարող մասնակիցները զգալիորեն բարելավել են իրենց ֆիզիկական աշխատունակությունը. թթվածնի առավելագույն պարունակությունը (աերոբիկական դիմացկունության չափանիշ) աճել է, մինչդեռ վերահսկիչ խմբում այն փոքր-ինչ նվազել է: Սա ենթադրում է, որ սիրտ-անոթային եւ շնչառական համակարգի ֆիզիկական պատրաստվածության բարելավումը կապված է «երիտասարդ» ուղեղի հետ։
Հետազոտությունը չի բացահայտել մարմնի կազմի, արյան ճնշման մակարդակի կամ ուղեղի աճի գործոնի (BDNF) մակարդակի էական փոփոխություններ, բայց նույնիսկ առանց այդ փոփոխությունների, brain-PAD-ի բարելավումը ենթադրում է կանոնավոր աերոբիկական վարժությունների պոտենցիալ դերը միջին տարիքում ուղեղի առողջության պահպանման գործում։
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում