• Latest news

Երբ դեղամիջոցները զիջում են վիրահատությանը. դիաբետի բուժման նոր տվյալներ են հայտնի դարձել

24 հունվարի, 2026  13:39

Annals of Internal Medicine ամսագրում հրապարակված նոր հետազոտությունը ցույց է տվել, որ 2-րդ տիպի շաքարային դիաբետով հիվանդների վիրահատական բուժումն ավելի արդյունավետ է, քան դեղորայքային թերապիան և կենսակերպի փոփոխությունը։ Ընդ որում, սա փաստվում է՝ անկախ հիվանդների սոցիալական խոցելիության մակարդակից:

Հետազոտությանը մասնակցել է 2-րդ տիպի շաքարային դիաբետ ունեցող 258 չափահաս մարդ ԱՄՆ-ի չորս ակադեմիական կենտրոններից: Նրանք ներգրավված են եղել չորս փորձարկումներում, որոնցում համեմատվել են մետաբոլիկ բարիատրիկ վիրաբուժությունը, դեղորայքային թերապիան և կենսակերպին առնչվող միջամտությունները:

Գիտնականները գնահատել են սոցիալական խոցելիության ազդեցությունը բուժման արդյունքների վրա՝ կիրառելով տարածքային զրկվածության ինդեքսը (Area Deprivation Index, ADI):

Պացիենտները բաժանվել են սոցիալական զրկվածության բարձր և ցածր մակարդակ ունեցող խմբերի: Արդյունքները փաստել են, որ վիրահատական միջամտությունը գերազանցում է դեղորայքային բուժմանը երկու հիմնական ցուցանիշով՝ գլիկոզիլացված հեմոգլոբինի (HbA1c) մակարդակով և քաշի նվազմամբ: Սա վկայում է այն մասին, որ սոցիալական կարգավիճակը չի ազդում վիրահատության արդյունավետության վրա:

HbA1c-ի մակարդակի տարբերությունը վիրահատական և դեղորայքային մոտեցումների միջև բարձր ADI ունեցող պացիենտների մոտ կազմել է -1,29%, իսկ ցածր ADI ունեցողների մոտ՝ -0,95%: Սա վկայում է վիրահատվածների մոտ ցուցանիշի ավելի զգալի նվազման մասին: Քաշի նվազման դեպքում ևս նույն միտումն է նկատվել. տարբերությունը կազմել է -10,6% բարձր ADI-ով խմբի համար և -13,3%՝ ցածր ADI-ով խմբի համար:

Գլիկոզիլացված հեմոգլոբինը (HbA1c) դիաբետի վերահսկման կարևոր մարկեր է. այս ցուցանիշի ցածր արժեքները կապված են ծանր բարդությունների ռիսկի նվազման հետ, ինչպիսիք են սիրտ-անոթային հիվանդությունները, երիկամների և նյարդային համակարգի ախտահարումները: Վիրահատությունը տվյալ դեպքում ոչ միայն նպաստում է քաշի նվազմանը, այլև դրական է անդրադառնում ածխաջրերի փոխանակության և ինսուլինի նկատմամբ զգայունության վրա:

Սովորաբար սոցիալական զրկվածությունը համարվում է հիվանդության վերահսկումը դժվարացնող գործոն՝ առողջ սննդի, բժշկական հսկողության և կրթական ռեսուրսների սահմանափակ հասանելիության պատճառով: Սակայն հետազոտության արդյունքները ցույց են տալիս, որ վիրահատական մոտեցման արդյունավետությունը մնում է կայուն՝ անկախ սոցիալական պայմաններից: Սա կարող է կարևոր նշանակություն ունենալ բնակչության տարբեր խմբերի համար բուժման ուղեցույցներ մշակելիս:

Ըստ հեղինակների, սա օգնում է դիաբետի բուժման անհատական ռազմավարություններ մշակելիս առաջնորդվել պացիենտի կլինիկական կարիքներով, այլ ոչ թե միայն սոցիալական դրությամբ։ Այդուհանդերձ, լրացուցիչ հետազոտություններ են անհրաժեշտ՝ երկարաժամկետ արդյունքները հստակեցնելու և վիրահատության համար պացիենտների լավագույն ընտրությունն ապահովելու համար:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll