Խաղողը պաշտպանում է օրգանիզմը մահվան գլխավոր պատճառից. The Mirror

26 հունվարի, 2026  08:34

Ընդամենը մեկ քաղցր մրգի օգտագործումը կարող է կանխել ինֆարկտը կամ ինսուլտը, վկայում են նոր հետազոտության արդյունքները, գրել է The Mirror-ը։

Խոսքը խաղողի մասին է, որը հարուստ է  կենսաբանորեն ակտիվ միացություններով, որոնք բարելավում են աղիների միկրոբիոտայի վիճակը եւ նվազեցնում խոլեստերինի մակարդակը։

Հետազոտությունը ցույց է տվել, որ ընդամենը չորս շաբաթ խաղողի կանոնավոր օգտագործումը նկատելի արդյունք է ունեցել այն մարդկանց մոտ, որոնց կերակրացանկում քիչ են եղել բանջարեղնները։ Սննդակարգի այս պարզ փոփոխությունը կարող է նվազեցնել սիրտ-անոթային հիվանդությունների՝ աշխարհում մահվան առաջատար պատճառի վտանգը։

Խաղողը պարունակում է հզոր հակաօքսիդանտներ, որոնք նվազեցնում են բորբոքումը։ Հետազոտության ղեկավար, պրոֆեսոր Չժաոպին Լին Լոս Անջելեսի Կալիֆոռնիական համալսարանից նշել է. «Խաղողը բարձրացնում է աղիքային մանրէների բազմազանությունը եւ նվազեցնում խոլեստերինի մակարդակը»։

Գիտնականները հետեւել են 21-55 տարեկան մասնակիցներին, որոնք ամեն օր կերել են խաղողի մոտ 40 հատիկին համարժեք քանակություն կամ երկու բաժին՝ միաժամանակ պահպանելով ցածր քանակությամբ բջջանյութ եւ բուսական միացություններ՝ պոլիֆենոլներ պարունակող սննդակարգ ինչպես փորձն սկսելուց առաջ, այնպես էլ դրա ընթացքում։ Արդեն մեկ ամիս անց մասնակիցների մոտ զգալիորեն բարձրացել է միկրոբիոմի՝ առողջության համար կենսականորեն կարեւոր տրիլիոնավոր միկրոօրգանիզմների բազմազանությունը։

«Վատ» խոլեստերինի մակարդակը իջել է մոտ 8 տոկոսով, իսկ լեղաթթուները, որոնք նպաստում են դրա կուտակմանը, կրճատվել են ավելի քան 40 տոկոսով։ Այդ վնասակար ճարպերը կարող են հանգեցնել թրոմբների առաջացման, որոնք խցանում են անոթները եւ խախտում արյան մատակարարումը սրտին կամ ուղեղին։

Ավելացած մանրէների թվում է եղել Akkermansia-ն, միկրոօրգանիզմ, որը կարող է քայքայել շաքարը եւ խոլեստերինը եւ ամրացնել աղիների լորձաթաղանթը։ «Մենք հայտնաբերեցինք, որ խաղողը նպաստավոր ազդեցություն է ունենում աղիքային միկրոբիոտայի վրա, իսկ առողջ աղիները կարեւոր նշանակություն ունեն օրգանիզմի ընդհանուր վիճակի համար»,- ընդգծել է պրոֆեսոր Լին։

 Նրա խոսքով՝ հետազոտությունն ընդլայնում է պատկերացումները խաղողի օգտակարության մասին եւ հաստատում նրա դրական ազդեցությունը սրտի առողջության վրա, ներառյալ խոլեստերինի մակարդակն իջեցնելու հատկությունը։ Ավելի վաղ կատարված հետազոտություններում խաղողը նաեւ կապել են քաշի տարիքային ավելացման եւ լիբիդոյի բարելավման հետ։

«Խաղողը պոլիֆենոլների եւ բջջանյութի հարուստ աղբյուր է։ Ընդհանուր առմամբ, մեր արդյունքները նոր նախնական տվյալներ են տալիս աղիների միկրոբիոմի, խոլեստերինի մակարդակի եւ լեղաթուների փոխանակության վրա խաղողի ազդեցության մասին»,- ընդգծել է պրոֆեսոր Լին։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում