Մարդիկ, ովքեր բնականաբար հակված են ուշ քնել և ուշ արթնանալ, այսպես կոչված «գիշերային բվերը», ավելի հաճախ են սրտի հետ կապված խնդիրներ ունենում, քան նրանք, ովքեր ունեն ավելի ավանդական քնի և արթուն լինելու ժամանակացույց։ Պարզվել է, որ այդ կապը հատկապես ցայտուն է արտահայտված կանանց շրջանում։
Նոր հետազոտության արդյունքները հրապարակվել են Journal of the American Heart Association բժշկագիտական հանդեսում։
Հետազոտողները վերլուծել են Մեծ Բրիտանիայի կենսաբանկ նախագծի գրեթե 323 հազար չափահաս մասնակիցների առողջությունը և վարքային սովորությունները, որը Մեծ Բրիտանիայի ամենամեծ բժշկական տվյալների բազաներից մեկն է։ Մասնակիցների միջին տարիքը 57 տարեկան էր։ Բոլորը լրացրել են հարցաթերթիկ, որտեղ նշել են իրենց քրոնոտիպը, այսինքն՝ օրվա այն ժամը, երբ նրանք իրենց ամենազգոն և ակտիվ են զգում։
«Աճող ապացույցների քանակը ենթադրում է, որ մեր ներքին կենսաբանական ժամացույցների ապասինխրոնացումը մեր ամենօրյա ռիթմերի հետ կարող է բացասաբար ազդել սրտանոթային առողջության վրա»,- նշել է Հարվարդի բժշկական դպրոցին առընթեր Բրիգամի և կանանց հիվանդանոցի քնի և ցիրկադային խանգարումների բաժանմունքի գիտաշխատող, հետազոտության առաջատար հեղինակ Սինա Քիաներսին։
Մասնակիցների մոտ 24 տոկոսը իրեն համարել է «արտույտ», 8 տոկոսը՝ «բու», իսկ ճնշող մեծամասնությունը՝ 67 տոկոսն, միջանկյալ դիրք է զբաղացրել։
Սրտի առողջությունը գնահատելու համար Քիաներսիի թիմնը օգտագործել է Ամերիկյան սրտի ասոցիացիայի Life’s Essential համակարգը՝ յուրաքանչյուր մասնակցին տալով 0-100 միավոր։ Միավորը հաշվի է առել քնի որակը, մարմնի զանգվածը, սննդակարգը, արյան մեջ շաքարի մակարդակը, արյան ճնշումը, խոլեստերինը, ծխելը և ֆիզիկական ակտիվությունը։ Սրտի առողջության միջին միավորը կազմել է 67,4, որտեղ կանայք ավելի բարձր միավորներ են ստացել, քան տղամարդիկ։
Միջին խմբի համեմատ, «բվերը» 79 տոկոսով ավելի մեծ հավանականություն կա, որ ունենային վատ սրտի առողջություն (50-ից ցածր միավոր), մինչդեռ «արտույտներն» 5 տոկոսով ավելի քիչ հավանականություն ունեին։ 14 տարվա միջին տևողության հետազոտության ընթացքում «բվերը» 16 տոկոսով ավելի հավանական էր, որ ունենային սրտի կաթվածներ և ինսուլտներ։
Հեղինակներն ընդգծում են, որ ոչ միայն քրոնոտիպն է, այլև դրա հետ կապված գործոնների համադրությունը՝ սրտանոթային առողջության պրոֆիլն է, որը բացատրում է ռիսկերի աճը։
Քունը կարևոր դեր է խաղում սրտի առողջության մեջ։ Ամերիկյան սրտի ասոցիացիան մեծահասակներին խորհուրդ է տալիս գիշերը քնել յոթից ինը ժամ։ Քնի ընթացքում օրգանիզմը վերականգնում է հյուսվածքները, կարգավորում հորմոնները և «վերագործարկվում» բջջային մակարդակում։ Քնի խրոնիկական պակասը, անկանոն ժամանկացույցը կամ քնի վատ որակը ժամանակի ընթացքում կարող են հանգեցնել սթրեսի հորմոնների մակարդակի բարձրացման և սրտանոթային հիվանդությունների զարգացման։
Միևնույն ժամանակ, մասնագետներն ընդգծում են, որ գիշերային քունը ցմահ դատավճիռ չէ։ Երեկոյան քրոնոտիպի և սրտի ռիսկի միջև փոխադրաձ կապը չափավոր է։ Անառողջ սովորությունները, որոնք ավելի տարածված են գիշերային քունը ննջող մարդկանց շրջանում, մեծ մասամբ փոփոխելի են՝ ծխելը թողնելը, ֆիզիկական ակտիվության ավելացումը, երեկոյան կերակուրների սահմանափակումը, լուսավորության վերահսկումը և կոֆեինից խուսափելը քնելուց մի քանի ժամ առաջ կարող են զգալիորեն բարելավել իրավիճակը։
Հետազոտությունն ունի սահմանափակումներ. մասնակիցները հիմնականում սպիտակամորթներ և միջին կամ ավելի մեծ տարիքի էին, և քրոնոտիպը որոշվել է ինքնագնահատման հիման վրա։ Ընդսմին, հեղինակները կարծում են, որ նման տվյալներն օգնում են ավելի լավ հասկանալ մարդկանց միջև կենսաբանական տարբերությունները և նվազեցնել «բվերին» առնչվող կարծրատիպերը։
«Նրանց հաճախ ծույլ են համարում, - նշում են մասնագետները, - սակայն դա ծուլություն չէ։ Նրանց ներքին ռիթմերը պարզապես տարբեր կերպ են կառուցված»։
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում