Հատապտուղները կարող են բարելավել հիշողությունը թեթև ճանաչողական խանգարման ժամանակ. Nutrients

24 փետրվարի, 2026  10:26

Կամպինասի համալսարանի գիտնականները պարզել են, որ հատապտուղների կանոնավոր օգտագործումը փոքր-ինչ բարելավում է հիշողության ցուցանիշները` կոգնիտիվ խանգարումների նախնական նշաններ ունեցող մարդկանց մոտ, ինչպես նաև նվազեցնում է բորբոքումն ու բարելավում ինսուլինի նկատմամբ զգայունությունը ճարպակալման դեպքում: Կլինիկական հետազոտությունների վերլուծության արդյունքները հրապարակվել են Nutrients ամսագրում:

Հեղինակները վերլուծել են վերջին 20 տարիների ընթացքում հրապարակված կլինիկական հետազոտությունների տվյալները: Տարբեր աշխատություններում ուսումնասիրվել է, թե ինչպես են հատապտուղներն ազդում հիշողության, ուշադրության և այլ կոգնիտիվ ֆունկցիաների վրա, ինչպես նաև ավելորդ քաշի հետ կապված ցուցանիշների՝ բորբոքման մակարդակի, ինսուլինակայունության, հագեցվածության հորմոնների և աղիք-ուղեղ փոխազդեցության վրա:

Առավել կայուն արդյունքները վերաբերել են հենց հիշողությանը: Բարելավումները փոքր են եղել, սակայն կրկնվել են տարբեր հետազոտություններում, հատկապես թեթև կոգնիտիվ խանգարումներ ունեցող մարդկանց մոտ. սա մի վիճակ է, որը կարող է նախորդել դեմենցիային:

Հետազոտողներն այս ազդեցությունը կապում են պոլիֆենոլների հետ. դրանք կենսաբանորեն ակտիվ նյութեր են, որոնցով հարուստ են հատապտուղները: Այս միացությունները օգնում են նվազեցնել քրոնիկական բորբոքումը և օքսիդատիվ սթրեսը, որոնք հաճախ ուղեկցում են ճարպակալմանը և արագացնում ուղեղի աշխատանքի տարիքային վատթարացումը:

Միևնույն ժամանակ, գիտնականներն ընդգծում են՝ դեռևս վաղ է պնդել, թե հատապտուղները կանխում են դեմենցիան: Մարդկանց մասնակցությամբ հետազոտություններում բավարար ապացույցներ չկան դրանց ազդեցության վերաբերյալ նեյրոդեգեներացիայի (նյարդային համակարգի քայքայման) հիմնական մարկերների վրա, ինչպիսիք են β-ամիլոիդը և տաու-սպիտակուցը:

Այնուամենայնիվ, հեղինակները նշում են, որ սննդակարգում հատապտուղներ ներառելը կարող է լինել հիշողությունը և մետաբոլիկ առողջությունը պահպանելու պարզ ու անվտանգ միջոց, հատկապես ավելորդ քաշ ունեցող մարդկանց համար:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում