Նուռն ընդդեմ սրտի և նյարդային հիվանդությունների. ինչպես է բնական միացությունը քայքայում վտանգավոր սպիտակուցները

25 փետրվարի, 2026  10:23

Կումամոտոյի համալսարանի գիտնականները պարզել են, որ նռան (Punica granatum) տերևներից և ճյուղերից ստացված բնական միացությունը կարող է քայքայել այն սպիտակուցային կառուցվածքները, որոնք առաջացնում են նյարդերն ու սիրտը հարվածող ծանր հիվանդություն՝ տրանստիրետինային ամիլոիդոզը (TTR):

Այս հարաճուն և պոտենցիալ մահացու վիճակը զարգանում է, երբ տրանստիրետին սպիտակուցը սխալ է ծալվում և ձևավորում անլուծելի ամիլոիդային ֆիբրիլներ, որոնք կուտակվում են հյուսվածքներում և խաթարում դրանց աշխատանքը։

iScience ամսագրում հրապարակված հետազոտությունը բացահայտել է 1,2,3,4,6-պենտա-O-գալոիլ-β-D-գլյուկոզան (PGG) որպես այն ակտիվ բաղադրիչ, որն արդյունավետորեն քայքայում է տրանստիրետինի արդեն ձևավորված ամիլոիդային ֆիբրիլները։ Մինչ այժմ բուժման մեթոդների մեծ մասն ուղղված է եղել նորմալ սպիտակուցի կայունացմանը կամ դրա արտադրության նվազեցմանը, սակայն դրանք քիչ արդյունավետ են եղել արդեն իսկ առաջացած կուտակումների դեպքում։

Գիտնականները թեստավորել են PGG-ի ազդեցությունը լաբորատոր ֆիբրիլների վրա, որոնք ձևավորվել էին ինչպես նորմալ, այնպես էլ մուտացիայի ենթարկված տրանստիրետինից, և պարզել են, որ միացությունը կազմալուծում է այդ ախտաբանական կառուցվածքները։

Ընդ որում, այն ընտրողաբար է ազդում հենց տրանստիրետինի ամիլոիդի վրա՝ չքայքայելով ամիլոիդ-β-ն (Ալցհայմերի հիվանդության հետ կապված սպիտակուցները)։ Սա վկայում է միացության գործողության մոլեկուլային բարձր մասնագիտացվածության մասին։

Հետագա փորձերը ցույց են տվել, որ նեմատոդների (C. elegans) մոդելում, որոնք արտադրում են մարդու տրանստիրետինի հատվածներ, PGG-ն նվազեցնում է սպիտակուցային կուտակումները և զգալիորեն երկարացնում կենդանիների կյանքի տևողությունն ու բարելավում դրա որակը։ Բացի այդ, նյութը հաջողությամբ քայքայել է ժառանգական ամիլոիդոզ ունեցող պացիենտի սրտի հյուսվածքից առանձնացված ամիլոիդային ֆիբրիլները, ինչն ընդգծում է դրա պոտենցիալ կլինիկական նշանակությունը։

Հետազոտության հեղինակները շեշտում են մարդկանց վրա անվտանգության և արդյունավետության հետագա ուսումնասիրությունների անհրաժեշտությունը։ Այնուամենայնիվ, նրանք կարծում են, որ բուսական մոլեկուլները, ինչպիսին է PGG-ն, կարող են հիմք դառնալ նոր թերապիաների համար, որոնք ակտիվորեն հեռացնում են ախտաբանական կուտակումները։ Սա մնում է ժամանակակից բժշկության չլուծված խնդիրներից մեկը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում