«Գրգռող» կամ հուզականորեն դժվար մարդկանց հետ կանոնավոր շփումը կարող է արագացնել կենսաբանական ծերացումը մոտավորապես 1.5%-ով: Ամենամեծ ազդեցությունը թողնում են «թունոտ» ընկերներն ու ընտանիքի անդամները, այլ ոչ թե պատահական ծանոթությունները: Նման եզրահանգման են եկել գիտնականները, որոնց հետազոտությունը հրապարակվել է Psychology Today բժշկագիտական հանդեսում։
Բացասական հարաբերությունները կարող են լուրջ ազդեցություն ունենալ առողջության վրա: Ընդհարումներից կամ դժվար փոխազդեցություններից առաջացող մշտական սթրեսը խրոնիկական սթրեսի պես ազդում է օրգանիզմի վրա. այն մեծացնում է նյարդային համակարգի ծանրաբեռնվածությունը, խանգարում է քունը և մեծացնում բորբոքումը: Ժամանակի ընթացքում դա ազդում է բջջիջների ծերացման արագության վրա։
Հետազոտությանը մասնակցել է ավելի քան 2300 կամավոր: Գիտնականները գնահատել են կենսաբանական տարիքը՝ օգտագործելով ժամանակակից ԴՆԹ վերլուծության մեթոդներ՝ հիմնված էպիգենետիկ մարկերների վրա, որոնք ցույց են տալիս, թե որքան արագ են ծերանում օրգանիզմի բջիջները։
Զուգահեռաբար, մասնակիցները նույնականացրել են այն մարդկանց, որոնց հետ փոխազդեցությունները առանձնապես սթրեսային են համարել: Պարզվել է, որ հարցվածների 28,8%-ը պարբերաբար շփվում է առնվազն մեկ նման անձի հետ, ընդ որում՝ կանայք դա ավելի հաճախ են զգում, քան տղամարդիկ։
Արդյունքները ցույց են տվել, որ մարդու անմիջական շրջապատի յուրաքանչյուր «թունոտ» անձ կապված է մոտավորապես 1,5% արագացված կենսաբանական ծերացման հետ։ Միջին հաշվով, սթրեսային սոցիալական հարաբերություններ պահպանելու ստիպված մարդկանց կենսաբանական տարիքը ինը ամսով ավելի բարձր էր, քան ավելի քիչ սթրեսային սոցիալական կապեր ունեցող մարդկանց կենսաբանական տարիքը։
Առանձնապես շոշափելի ազդեցություն ունեն մերձավորները՝ ընկերներն ու ընտանիքի անդամները, հավանաբար այն պատճառով, որ նրանց հետ շփումներն ավելի հաճախակի են և հուզականորեն հագեցած։
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
month
week
day