Կոլումբիայի համալսարանի գիտնականները եղանակ են մշակել, որով հնարավոր է կանխատեսել, թե Ալցհեյմերի հիվանդության բարձր ռիսկ ունեցող մարդկանց մոտ երբ կարող են ի հայտ գալ առաջին ախտանիշները:
Մեթոդը հիմնված է արյան մեջ p-tau217 կենսամարկերի անալիզի և APOE4 գենի տարբերակի (որն Ալցհեյմերի հիվանդության ամենաուժեղ գենետիկական ռիսկի գործոնն է) գենետիկական թեստի համադրության վրա:
Հետազոտությունը, որի արդյունքները հրապարակվել են The Lancet Neurology ամսագրում, ընդգրկել է տարբեր էթնիկ ծագման շուրջ 8,5 հազար մասնակցի։ Գիտնականներն ուսումնասիրել են մարդկանց, որոնք հետազոտության պահին հիվանդության ախտանիշներ չեն ունեցել:
Հետազոտողները պարզել են, որ p-tau217-ի մակարդակի բարձրացումից հետո ախտանիշների ի հայտ գալու ժամկետներն էապես տարբերվում են՝ կախված APOE գենի տարբերակից: Ըստ հաշվարկների՝ APOE4 գենի մեկ կամ երկու պատճեն ունեցողների մոտ առաջին ախտանիշները կարող են ի հայտ գալ մոտավորապես 3-4 տարի անց: APOE-ի այլ տարբերակներ ունեցող մարդկանց համար այդ ժամանակահատվածը կազմում է շուրջ 5-6 տարի:
p-tau217-ը կենսամարկեր է, որը կապված է ուղեղում ամիլոիդի և տաու-սպիտակուցի ախտաբանական ձևերի կուտակման հետ: Դրա անալիզն արդեն կիրառվում է հիշողության և ճանաչողական խանգարումներ ունեցող տարեցների մոտ Ալցհեյմերի հիվանդությունն ախտորոշելու համար: Սակայն միայն p-tau217-ի ցուցանիշը բավարար չէ հստակ կանխատեսելու համար, թե ախտանիշներ չունեցող մարդու մոտ կոնկրետ երբ կսկսվի հիվանդությունը:
Ըստ հետազոտության ղեկավար Ռիչարդ Մայոյի՝ երկու թեստերի համադրումը զգալիորեն բարձրացնում է կանխատեսման ճշգրտությունը: Ընդ որում, ստացված արդյունքները համադրելի են եղել տարբեր էթնիկ ծագում ունեցող մարդկանց մոտ:
Մոտավորապես յուրաքանչյուր հինգերորդ մարդն ունի APOE4-ի առնվազն մեկ պատճեն: Սակայն հետազոտողներն ընդգծում են, որ գենի այս տարբերակի առկայությունն ինքնին չի նշանակում, որ անձն անպայման կհիվանդանա Ալցհեյմերի հիվանդությամբ:
Հեղինակները կարծում են, որ արդյունքները կարող են հատկապես կարևոր լինել կանխարգելիչ դեղամիջոցների ի հայտ գալուն զուգահեռ: Այժմ Ալցհեյմերի հիվանդության դեմ հաստատված մոնոկլոնալ հակամարմինները նախատեսված են արդեն իսկ ախտանիշներ ունեցող մարդկանց համար և անախտանիշ չեն կիրառում պացիենտների շրջանում:
Իրավիճակը կարող է փոխվել, եթե ընթացիկ հետազոտությունները ցույց տան, որ հակամարմինների վրա հիմնված դեղամիջոցներն ունակ են դանդաղեցնելու հիվանդության զարգացումը, երբ նշանակվում են ախտանիշներ չունեցող, բայց p-tau217-ի բարձր մակարդակ ունեցող մարդկանց:
Նոր տվյալները կարող են օգտագործվել նաև Ալցհեյմերի հիվանդության կանխարգելմանն ուղղված այլ դեղամիջոցների մշակման և փորձարկումների ժամանակ:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
month
week
day