Գիտնականները կապ են հայտնաբերել օդի բարձր ջերմաստիճանի և խրոնիկական երիկամային հիվանդության ու երիկամային անբավարարության վերջնական փուլի տարածվածության աճի միջև: Նման եզրակացության են հանգել հետազոտողները, որոնք վերլուծել են ԱՄՆ շրջաններից ստացված տվյալները: Արդյունքները հրապարակվել են Clinical Journal of the American Society of Nephrology բժշկագիտական հանդեսում:
Վերլուծությունը ներառել է 2005-2019 թվականներին 65 տարեկանից բարձր մարդկանց շրջանում խրոնիկական երիկամային հիվանդության վիճակագրությունը, ինչպես նաև 2010- 2019 թվականներին երիկամային անբավարարության վերջնական փուլի վերաբերյալ տվյալները: Պարզվել է, որ միջին տարեկան ջերմաստիճանի յուրաքանչյուր 1°C բարձրացման դեպքում ախտորոշված խրոնիկական երիկամային հիվանդության տարածվածությունն աճում է 0,23 տոկոսային կետով: Միևնույն ժամանակ, վերջնական փուլի երիկամային անբավարարության նոր դեպքերի թիվը աճում է 1,37 տոկոսային կետով՝ 100 հազար մարդու հաշվով:
Կապը հատկապես ցայտուն էր ջերմային ալիքների ժամանակ. որքան բարձր էր ջերմաստիճանը և որքան երկար էին ջերմային ալիքները, այնքան բարձր էր ռիսկը: Նման փոխհարաբերությունն առավել ցայտուն էր խոշոր քաղաքներից դուրս գտնվող ավելի քիչ ապահովված շրջաններում, ինչպես նաև Միացյալ Նահանգների հարավային և հյուսիսարևմտյան շրջաններում։
Հետազոտողները նշում են, որ երիկամները հատկապես զգայուն են գերտաքացման և ջրազրկման նկատմամբ։ Նրանք կարծում են, որ արդյունքներն ընդգծում են երիկամային հիվանդությունների կանխարգելման գործում կլիմայական գործոնները հաշվի առնելու անհրաժեշտությունը, հատկապես խոցելի բնակչության շրջանում։
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում