Կալիֆոռնիայի համալսարանի, Սան Ֆրանցիսկոյի և Բոստոնի Բեթ Իսրայել Դիքոնես բժշկական կենտրոնի հետազոտողները դեմենցիայի զարգացման բարձր ռիսկի ենթարկված մարդկանց բացահայտելու համար դեռևս ակնհայտ ախտանիշների ի հայտ գալուց շատ առաջ քնի ուղեղի ալիքների վերլուծություն են օգտագործել: Դրա մասին մարտի 22-ին գրել է Medical Xpress բժշկագիտական հանդեսը:
Ըստ հրապարակման՝ գիտնականները «ուղեղի տարիքը» ԷԷԳ-ի հիման վրա գնահատելու համար մեքենայական ուսուցման մոդել են օգտագործել: Եթե այդ գնահատականը գերազանցում էր մարդու իրական կենսաբանական տարիքը, ճանաչողական խանգարման վտանգը մեծանում էր. նրանց «ուղեղի տարիքի» և իրական տարիքի միջև յուրաքանչյուր 10 տարվա տարբերության դեպքում դեմենցիայի զարգացման հավանականությունը մեծանում էր գրեթե 40%-ով:
Հետազոտության մեջ օգտագործվել են 40-94 տարեկան մոտ 7000 մասնակիցների տվյալներ, որոնք գիտափորձի սկզբում դեմենցիայի որևէ նշան չէին ցուցաբերել: Նրանց հետևել են 3,5-17 տարի: Այդ ընթացքում ախտորոշվել է մոտ 1000 մարդ:
Քնի գնահատման ավանդական մեթոդները, մասնավորապես՝ փուլի տևողությունը կամ ընդհանուր քնի արդյունավետությունը, հիվանդության ռիսկի հետ որևէ էական կապ չեն ցույց տվել։ Սակայն ուղեղի ալիքների միկրոկառուցվածքային առանձնահատկությունների վերլուծությունն ավելի ճշգրիտ արդյունքներ է տվել։ Մասնավորապես, մոդելը հաշվի է առել խոր քնի և «քնի իլիկների» (դանդաղ քնի սկզբնական փուլում գրանցվող և անմիջապես նիրհին հաջորդող սիգմա-ռիթմը -խմբ.)՝ հիշողության համախմբման համար պատասխանատու կարճատև ակտիվության պոռթկումներին առնչվող դելտա ալիքները։
Գիտնականները պարզել են, որ ԷԷԳ ակտիվության հանկարծակի, մեծ թռիչքները (հայտնի են որպես կուրտոզ) կապված են դեմենցիայի ռիսկի նվազման հետ։ Ուղեղի «արագացված ծերացման» և հիվանդության միջև կապը պահպանվել է նույնիսկ այնպիսի գործոններ հաշվի առնելուց հետո, ինչպիսիք են կրթության մակարդակը, ծխելը, մարմնի զանգվածի ինդեքսը և գենետիկ նախատրամադրվածությունը։
Հետազոտության առաջին հեղինակ՝ Բեթ Իսրայել Դիքոնես բժշկական կենտրոնի նյարդաբանության ամբիոնի դոցենտ, փիլիսոփայության դոկտոր Հաոկի Սունը նշել է, որ արդյունքները բացում են դյուրակիր սարքերի միջոցով վաղ ախտորոշման հնարավորությունը, սակայն զգուշացրել են ապրելակերպի կարևորության մասին։ Նրանք ենթադրում են նաև, որ քնի որակի բարելավումը կարող է ազդել ուղեղի ծերացման վրա։
«Օրգանզիմի վիճակների ավելի լավ կառավարումը, մասնավորապես՝ մարմնի զանգվածի ինդեքսի իջեցումը և ֆիզիկական ակտիվության ավելացումը՝ ապնոեի հավանականությունը նվազեցնելու համար, կարող են ազդեցություն ունենալ»,- ընդգծել է նա։
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում