Գլխապտույտի ամենատարածված պատճառներն են բարորակ դիրքային գլխապտույտը, վեստիբուլյար միգրենը, Մենիերի հիվանդությունը և մշտական կեցվածքային-պերցեպտիվ գլխապտույտը։ Այս մասին «ՌԻԱ Նովոստիին» հայտնել է տուլացի նյարդաբան, մանուալ թերապևտ, վերականգնողաբան Ալեքսանդր Ատյաշևը:
Նյարդաբանի խոսքով՝ գլխապտույտը ոչ թե ախտորոշում է, այլ ախտանիշ. դրա պատճառները կարող են լինել բոլորովին տարբեր և ոչ միշտ տագնապալի:
«Իսկապես, գլխապտույտը կարող է լինել լուրջ հիվանդությունների ախտանիշ, ինչպիսին է, օրինակ, ինսուլտը: Սակայն, ըստ վիճակագրության, գլխապտույտի ժամանակ վտանգավոր իրավիճակների հաճախականությունը չափազանց փոքր է: Իրական գլխապտույտի ամենահաճախակի պատճառներն են՝ բարորակ դիրքային գլխապտույտը, վեստիբուլյար միգրենը, Մենիերի հիվանդությունը և մշտական կեցվածքային-պերցեպտիվ գլխապտույտը», - նշել է Ատյաշևը:
Մասնագետի խոսքով՝ բարորակ դիրքային գլխապտույտի ժամանակ ներքին ականջի կիսաշրջանաձև խողովակների մեջ գտնվող օտոլիտները տեղաշարժվում են ոչ այնտեղ՝ որտեղ հարկավոր է, և ներքին ականջն ու ուղեղը չեն հասկանում՝ մարդը շրջե՞լ է գլուխը, թե՞ ոչ։ Այս խանգարումը բուժվում է ոչ թե դեղահաբերով, այլ հատուկ վարժություններով՝ հիմնականում մեկ այցելության ընթացքում։
Մշտական կեցվածքային-պերցեպտիվ գլխապտույտը, ինչպես նշել է նյարդաբանը, կարելի է անվանել ֆունկցիոնալ կամ տագնապային գլխապտույտ։ Այս իրավիճակում ուղեղը սխալ է ընկալում ազդակները և չի մշակում ներքին ականջից ստացվող ճիշտ տեղեկատվությունը։ Ամենից հաճախ սա կապված է տագնապայնության հետ, որը բուժվում է տարբեր դեղամիջոցների օգնությամբ։
«Վեստիբուլյար միգրենն իր պատճառներով նման է գլխացավով ուղեկցվող միգրենին, սակայն տարբերվում է դրսևորմամբ։ Համապատասխանաբար, այն բուժում է նյարդաբանը։ Մենիերի հիվանդությունը ներքին ականջի աշխատանքի խանգարումն է՝ հեղուկի կուտակման պատճառով։ Նման գլխապտույտը հանդիպում է ավելի հազվադեպ և գրեթե միշտ ուղեկցվում է ականջի աղմուկով ու լսողության անկմամբ», - եզրափակել է Ատյաշևը։
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում