Նույնիսկ լիովին առողջ մարդկանց մոտ վիրուսները մշտապես առկա են օրգանիզմում՝ հաճախ զգալի քանակությամբ։ Նման եզրակացության են հանգել գիտնականները՝ գրեթե մեկ միլիոն մարդու տվյալներ վերլուծելուց հետո։ Հետազոտությունը հրապարակվել է Nature հանդեսում։
Հետազոտությունն անցկացրել է Հարվարդի բժշկական դպրոցի գիտականների գլխավորած թիմը։ Նրանք վերլուծել են ավելի քան 917 հազար մարդու արյան և թքի նմուշներ և գնահատել այսպես կոչված վիրուսային ծանրաբեռնվածությունը՝ օրգանիզմում վիրուսային ԴՆԹ-ի քանակը։
«Մենք հասել ենք այն փուլին, որտեղ կարող ենք օգտագործել մարդու գենետիկան՝ պատասխանելու համար այն հիմնարար հարցերին, թե ինչպես են վիրուսները հիվանդություններ առաջացնում»,- նշել է գենետիկ Նոլան Կամիտակին։
Պարզվում է՝ մարդկանց մեծ մասի օրգանզիմում վիրուսները «քնած» վիճակում են. դրանք ներկա են բջիջներում, սակայն ախտանիշներ չեն հարուցում։ Իմունային համակարգը զսպում է դրանց ակտիվությունը՝ թույլ չտալով, որ վարակը հիվանդության վերածվի։ Վերլուծությունը մարդու գենոմում բացահայտել է 82 հատված, որոնք կապված են վիրուսային բեռի մակարդակի հետ։ Հատկապես կարևոր դեր է խաղում իմունային պատասխանը կարգավորող առանցքային համակարգը՝ գլխավոր հիստոհամատեղելիության համալիրը (MHC)։
Գիտնականները նաև առանձին վիրուսների օրինաչափություններ են հայտնաբերել: Օրինակ՝ Էպշտեյն-Բարի վիրուսը (EBV) ավելի տարածված է դառնում տարիքի հետ, և դրա ակտիվությունը մեծանում է ձմռանը և նվազում ամռանը: Այլ վիրուսներ ավելի կայուն օրինաչափություն են ցուցաբերում: Մենդլեևյան պատահականացման միջոցով հետազոտողները գնահատել են փոխադարձ կապը վիրուսների և հիվանդությունների միջև: Պարզվել է, որ Էպշտեյն-Բարի վիրուսի բարձր վիրուսային բեռը մեծացնում է Հոջկինի լիմֆոմայի զարգացման վտանգը: Ընդ որում, բազմակի սկլերոզի դեպքում նմանատիպ կապ չի հայտնաբերվել, թեև այդ վիրուսը դրա զարգացման գործոն է համարվում:
«Այդ արդյունքը ցույց է տալիս, որ կարևոր է ոչ միայն վարակն ինքնին, այլև այն, թե ինչպես է իմունային համակարգն արձագանքում դրան»,- պարզաբանել է Կամիտակին:
Գենետիկայից զատ, արտաքին գործոնները, մասնավորապես՝ տարիքը, սեռը և նույնիսկ ծխելու սովորությունը, նույնպես ազդում են վիրուսի մակարդակի վրա: Վիրուսների մեծ մասն ավելի տարածված էր տղամարդկանց շրջանում:
Ինչպես նշել է գենետիկ Սթիվեն ՄըքՔարոլը, արդյունքները ցույց են տալիս, թե որքան սերտորեն կապված են գենետիկան, կենսակերպը և իմունային համակարգը. «Զարմանալի է, թե որքան շատ բան կարող է ԴՆԹ-ն բացահայտել կենսաբանական գործընթացների և այն մասին, թե ինչպես են մեր սովորություններն ու գեները դրանք ձևավորում»:
Հեղինակներն ընդգծում են, որ հետազոտությունն ընդգրկել է միայն ԴՆԹ վիրուսները: Ապագայում գիտնականները մտադիր են հետազոտել նաև ՌՆԹ վիրուսները, այդ թվում՝ կորոնավիրուսները՝ մարդկանց օրգանզիմում «թաքնված» վիրուսային աշխարհի մասին ավելի ամբողջական պատկերացում կազմելու համար։
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում