Նոր ուսումնասիրությունը բացահայտում է թոքերի և ուղեղի միջև կապը, որը կապում է ծխելը նեյրոդեգեներացիայի հետ

9 ապրիլի, 2026  15:48

Ծխելու և նեյրոդեգեներատիվ հիվանդությունների միջև կապը վաղուց է հայտնի։ Դեռևս 2011 թվականին իրականացված հետազոտությունը ցույց է տվել, որ միջին տարիքում ակտիվ ծխելը տասնամյակներ անց ավելի քան կրկնապատկում է դեմենցիայի (այդ թվում՝ Ալցհայմերի հիվանդության և անոթային դեմենցիայի) զարգացման վտանգը։

Սակայն ծխելու ազդեցությունը դեմենցիայի վրա ավելի քիչ է ուսումնասիրված, քանի որ այն զարգանում է տարեց հասակում, իսկ ծխող մարդիկ, որպես կանոն, ավելի քիչ են ապրում։

Նախկինում գիտնականներն այս կապը բացատրում էին հիմնականում անոթային և շնչառական համակարգերի վնասմամբ, ինչը ժամանակի ընթացքում նվազեցնում է ուղեղի թթվածնամատակարարումը։ Սակայն Չիկագոյի համալսարանի նոր հետազոտությունը, որը հրապարակվել է Science Advances ամսագրում, առաջարկում է այլ մեխանիզմ՝ կապված թոքերի և ուղեղի միջև հաղորդակցության հետ։

Գիտնականները հայտնաբերել են նախկինում անհայտ մի ուղի, որը կապված է թոքային նեյրոէնդոկրին բջիջների (PNECs) հետ։ Նիկոտինի ազդեցության տակ այս բջիջներն արտազատում են էկզոսոմներ՝ կենսաբանական պարունակությամբ միկրոսկոպիկ մասնիկներ, որոնք խաթարում են նեյրոններում երկաթի հավասարակշռությունը։ Սա առաջացնում է փոփոխություններ, որոնք բնորոշ են նյարդադեգեներատիվ հիվանդություններին։

Հետազոտողների խոսքով՝ այսպես կոչված «թոքեր-ուղեղ» առանցքն օգնում է բացատրել, թե ինչու է ծխելը փոխկապակցված կոգնիտիվ ֆունկցիաների անկման հետ: Բացի այդ, աշխատանքը ցույց է տալիս, որ թոքերը ոչ թե պարզապես ծխի պասիվ թիրախ են, այլ ազդանշանային ակտիվ օրգան, որն ազդում է ուղեղի վիճակի վրա:

Քանի որ PNEC բջիջները (թոքերի նեյրոէնդոկրին բջիջներ) հանդիպում են չափազանց հազվադեպ, գիտնականները ստեղծել են դրանց արհեստական նմանակները՝ մարդու պլյուրիպոտենտ ցողունային բջիջներից: Փորձերը ցույց են տվել, որ նիկոտինի ազդեցության տակ այդ բջիջներն արտազատում են մեծ քանակությամբ էկզոսոմներ, որոնք հարուստ են սերոտրանսֆերինով (երկաթի տեղափոխումը կարգավորող սպիտակուցով):

Ենթադրվում է, որ այս ազդանշանը փոխանցվում է ուղեղին թափառող նյարդի միջոցով՝ խաթարելով երկաթի կարգավորումը: Նման դիսբալանսը կարող է առաջացնել օքսիդատիվ սթրես, միտոքոնդրիումների դիսֆունկցիա և նեյրոդեգեներացիայի հետ կապված սպիտակուցների մակարդակի բարձրացում: Այն կարող է նաև խթանել ֆերոպտոզը՝ բջիջների ծրագրավորված մահվան մի ձև, որն ասոցացվում է Ալցհայմերի և Պարկինսոնի հիվանդությունների հետ:

Թեև դեմենցիայի հետ ուղղակի պատճառահետևանքային կապը դեռևս ապացուցված չէ, արդյունքները զգալիորեն ընդլայնում են պատկերացումներն այն մասին, թե ինչպես է ծխելն ազդում օրգանիզմի վրա: Հետագայում գիտնականները ծրագրում են ուսումնասիրել, թե արդյո՞ք էկզոսոմների բլոկավորումը կարող է հիմք հանդիսանալ բուժման նոր մեթոդների համար:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում