Մայամիի համալսարանի Միլերի բժշկական դպրոցի հետազոտողները վերլուծել են ԱՄՆ-ում ավելի քան 100 միլիոն մարդու 2015-2022 թվականների տվյալները։ Այդ մարդկանցից ավելի քան 4 միլիոնն ունեցել է տարբեր տեսակի քաղցկեղային հիվանդություններ։
Cancer Research Communications ամսագրում հրապարակված հետազոտության արդյունքները ցույց են տալիս, որ երբևէ չամուսնացածների շրջանում հիվանդացության ցուցանիշներն ավելի բարձր են եղել, քան ընտանիք կազմածների (այս խմբում ներառված են նաև ամուսնալուծվածներն ու այրիները)։ Ընդ որում, երբևէ չամուսնացած տղամարդկանց մոտ քաղցկեղի զարգացման հավանականությունը միջինում բարձր է 70%-ով, իսկ կանանց մոտ՝ 85%-ով։ Դրական կապն ավելի նկատելի է տարեցների, քան երիտասարդների շրջանում։
Ըստ DW-ի, գիտնականները նշում են, որ անհրաժեշտ են հետագա հետազոտություններ՝ նման տարբերության վրա ազդող գործոնները ճշգրիտ որոշելու համար։ Օրինակ՝ ամուսնացած կանանց մոտ կրծքագեղձի և արգանդի քաղցկեղի հավանականության նվազումը կարող է կապված լինել հղիության և կրծքով կերակրման հետ։ Իսկ հետանցքի և սեռական օրգանների քաղցկեղի զարգացմանը նպաստում է մարդու պապիլոմավիրուսը, որը փոխանցվում է սեռական ճանապարհով. համապատասխանաբար սեռական կյանքի վարման տարբերությունները կարող են ազդել վարակման հավանականության վրա։
Հետազոտողները նաև ենթադրում են, որ ստացված տվյալները հաստատում են հայտնի վարկածներն այն մասին, որ ամուսնությունն ազդում է քաղցկեղի զարգացման կանխարգելելի գործոնների վրա, ինչպիսիք են ծխելը և ալկոհոլի օգտագործումը։ Միևնույն ժամանակ կարծիք կա, որ առողջ ապրելակերպ վարող մարդկանց համար ավելի հեշտ է ընտանիք կազմելը։
Հետազոտության մեջ նաև նշվում է, որ եղած տվյալներով դժվար է որոշել՝ արդյոք ամուսնացած մարդիկ երջանիկ են եղել, ինչն էլ կարող է ազդել հիվանդության պատմության վրա։ Բացի այդ, պաշտոնապես չամուսնացած մարդիկ կարող են տևական ժամանակ համատեղ ապրել, սակայն հետազոտության մեջ ներկայացված են որպես միայնակներ, քանի որ նման համակեցությունը պաշտոնական փաստաթղթերում չի նշվում։
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում