Գիտնականները պարզել են, թե ինչպես է սուրճն ազդում աղիների և տրամադրության վրա

21 ապրիլի, 2026  16:25

Կորկի համալսարանական քոլեջի Իռլանդական «APC» միկրոբիոմի կենտրոնի գիտնականների նոր հետազոտությունը ցույց է տվել, որ սուրճն ազդում է «աղիք-ուղեղ» առանցքի վրա՝ փոփոխելով միկրոբիոմի կազմը և դրա հետ կապված գործընթացները, որոնք արտացոլվում են տրամադրության, սթրեսի մակարդակի և ճանաչողական գործառույթների վրա։

Աշխատանքը հրապարակվել է Nature Communications ամսագրում և դարձել է առաջիններից մեկը, որը մանրամասն բացահայտում է այս ազդեցության մեխանիզմները։

Հետազոտությանը մասնակցել է 62 մարդ՝ կանոնավոր կերպով սուրճ օգտագործող 31 մարդ և սուրճ չօգտագործող 31 մարդ։ Մասնակիցներն անցել են հոգեբանական թեստեր, վարել են սննդակարգի օրագրեր, ինչպես նաև հանձնել են կղանքի և մեզի նմուշներ, ինչը թույլ է տվել հետևել միկրոբիոմի և սուբյեկտիվ ինքնազգացողության փոփոխություններին։ Կանոնավոր սպառողներ են համարվել նրանք, ովքեր օրական խմում են 3–5 բաժակ սուրճ. սա այն քանակն է, որը Սննդամթերքի անվտանգության եվրոպական գործակալությունը (EFSA) համարում է չափավոր և անվտանգ մարդկանց մեծամասնության համար։

Առաջին փուլում բոլոր մասնակիցները երկու շաբաթով հրաժարվել են սուրճից։ Նրանց մոտ, ովքեր սովորաբար կանոնավոր սուրճ էին օգտագործում, դա հանգեցրել է աղիքային միկրոբիոմի մետաբոլիտների կազմի զգալի փոփոխությունների։ Սա փաստում է, որ միկրոֆլորան բավականին զգայուն է սուրճի պարբերական սպառման նկատմամբ։

Այնուհետև սուրճը կրկին ներառվել է սննդակարգում, ընդ որում՝ փորձն իրականացվել է «կույր» մեթոդով. մասնակիցների մի խումբն օգտագործում էր կոֆեինով սուրճ, իսկ մյուսը՝ առանց կոֆեինի։ Երկու դեպքում էլ մասնակիցները նշել են սթրեսի մակարդակի նվազման, դեպրեսիվ ախտանիշների մեղմացման և իմպուլսիվության անկման մասին։ Սա վկայում է, որ սուրճը դրական ազդեցություն է թողնում տրամադրության վրա՝ անկախ կոֆեինի առկայությունից։

Միևնույն ժամանակ հայտնաբերվել են ազդեցության որոշակի տարբերություններ։ Սուրճի օգտագործումն ուղեկցվել է մի շարք բակտերիաների աճով, այդ թվում՝ Eggerthella և Cryptobacterium curtum, որոնք կապված են մարսողության ու լեղաթթուների փոխանակման հետ և կարող են դեր խաղալ վնասակար միկրոօրգանիզմներից պաշտպանվելու գործում։ Ավելացել է նաև Firmicutes խմբի բակտերիաների մասնաբաժինը, որոնք մի շարք հետազոտություններում ասոցացվում են առավել դրական հուզական վիճակի հետ։

Հետաքրքիր է, որ ուսումնառության և հիշողության ցուցանիշների բարելավում է նկատվել միայն այն մասնակիցների շրջանում, ովքեր օգտագործել են առանց կոֆեինի սուրճ։ Սա մատնանշում է ըմպելիքի այլ բաղադրիչների, օրինակ՝ պոլիֆենոլների կարևոր դերը։ Միևնույն ժամանակ, հենց կոֆեինով սուրճն է կապված եղել տագնապայնության նվազման, ինչպես նաև ուշադրության և զգոնության բարելավման հետ։ Բացի այդ, կոֆեինը որոշակի կապ է դրսևորել բորբոքային գործընթացների ավելի ցածր մակարդակի հետ։

Հետազոտության հեղինակներն ընդգծում են, որ սուրճը հանդես է գալիս որպես բարդ դիետիկ գործոն, որն ազդում է ոչ միայն միկրոբիոմի, այլև նյութափոխանակության և նյարդային համակարգի աշխատանքի վրա։ Ըստ նրանց՝ սուրճի կանոնավոր օգտագործումը հավասարակշռված սննդակարգի շրջանակներում կարող է դիտարկվել որպես աղիքների առողջության և հոգեհուզական վիճակի աջակցման գործոններից մեկը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում