Digestive Disease Week 2026 միջոցառման ժամանակ ներկայացված և MedicalXpress-ի կողմից լուսաբանված նոր հետազոտությունը փաստում է, որ համակցված թերապիան կարող է զգալիորեն բարելավել աղիների բորբոքային հիվանդություններ ունեցող պացիենտների բուժման արդյունքները, հատկապես նրանց մոտ, ում համար այլևս արդյունավետ բուժման տարբերակներ չեն մնացել:
Խոսքը Կրոնի հիվանդությամբ և խոցային կոլիտով տառապող պացիենտների մասին է: Սրանք քրոնիկական բորբոքային հիվանդություններ են, որոնք ուշ փուլերում հաճախ դժվարությամբ են ենթարկվում բուժման: Նման հիվանդների մոտ յուրաքանչյուր հաջորդ թերապիան սովորաբար ավելի քիչ արդյունք է տալիս, և բուժման հնարավորությունները դառնում են սահմանափակ:
Գիտնականներն ուսումնասիրել են նոր ռազմավարություն, որը հիմնված է միաժամանակ երկու տարբեր բորբոքային մեխանիզմների վրա ներգործելու սկզբունքի վրա: Օգտագործվել է ֆիքսված համակցված դեղամիջոց, որը ներառում է երկու հակամարմին. դրանցից յուրաքանչյուրն արգելափակում է բորբոքման զարգացման առանձին ուղի:
Արդյունքները ցույց են տվել, որ գործողության երկու մեխանիզմների համակցումը տալիս է ավելի արտահայտված արդյունք, քան դեղամիջոցներից յուրաքանչյուրի առանձին կիրառումը։ Այն պացիենտների մոտ, ովքեր նախկինում չէին արձագանքել թերապիայի այլ տեսակներին, նկատվել է կլինիկական ցուցանիշների բարելավում, այդ թվում՝ հիվանդության ակտիվության նվազում և ռեմիսիայի նշաններ։
Հատկապես կարևոր է այն, որ արդյունավետության բարձրացումը չի ուղեկցվել կողմնակի ազդեցությունների ռիսկի զգալի աճով։ Հետազոտողները նշում են, որ անվտանգության պրոֆիլը համադրելի է մնացել առանձին դեղամիջոցների ցուցանիշների հետ։
Հեղինակներն ընդգծում են, որ նման պացիենտների բուժման հիմնական խնդիրը ստանդարտ սխեմաների արդյունավետության աստիճանական «սպառումն» է, երբ իմունային համակարգը բորբոքման զարգացման այլընտրանքային ուղիներ է գտնում։ Համակցված մոտեցումը թույլ է տալիս միաժամանակ արգելափակել մի քանի նման ուղիներ և այդպիսով «խորամանկել» հիվանդությանը։
Այս հետազոտությունը կարևոր քայլ է հանդիսանում աղիների բորբոքային հիվանդությունների ծանր ձևերի բուժման ավելի անհատականացված ռազմավարությունների մշակման ճանապարհին։ Դա հատկապես նկատելի է այն պացիենտների մոտ, որոնց հիվանդությունն ընթանում է կայուն դիմադրողականությամբ:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում