Գիտնականները հետաքրքիր կապ են հայտնաբերել սննդակարգի և նեյրոդեգեներատիվ հիվանդությունների ռիսկի միջև. ձվի կանոնավոր օգտագործումը կարող է նպաստել Ալցհայմերի հիվանդության զարգացման դանդաղելուն: Դրա մասին ասված է հետազոտության մեջ, որի արդյունքները հրապարակվել են Journal of Nutrition բժշկագիտական հանդեսում:
Աշխատանքի հիմքում ընկած են տարեցների շրջանում իրականացված խոշոր և երկարատև դիտարկումների տվյալները: Մասնակիցներին բաժանել են խմբերի՝ ըստ ձվի օգտագործման հաճախականության՝ սկսած նրանցից, որոնք գրեթե ձու չեն կերել, մինչև նրանց, որոնք շաբաթական մի քանի անգամ ձու են ներառել իրենց օրաբաժնում: Ճանաչողական գործառույթների վիճակին հետևել են երկար տարիների ընթացքում:
Արդյունքը եղել է հաստատուն. այն մարդկանց շրջանում, որոնք կանոնավոր կերպով ձու են կերել (օրական մոտ 1 ձու կամ առնվազն շաբաթական 5 անգամ), Ալցհայմերի հիվանդության զարգացման ռիսկը եղել է մոտ 20–27%-ով ավելի ցածր՝ նրանց համեմատ, ովքեր գրեթե ձու չեն օգտագործել:
Հետազոտողները հատուկ ուշադրություն են դարձրել հնարավոր մեխանիզմներին: Հիմնական «թեկնածուն» խոլինն է՝ սննդարար նյութ, որով հատկապես հարուստ է ձուն: Այն մասնակցում է ացետիլխոլինի սինթեզին. դա նեյրոմեդիատոր է, որը վճռորոշ նշանակություն ունի հիշողության և ուսուցման համար: Բացի դրանից, ձուն պարունակում է օմեգա-3 ճարպաթթուներ, լյուտեին, վիտամին B12 և ֆոլատներ՝ նյութեր, որոնք աջակցում են նեյրոնների աշխատանքին և նվազեցնում օքսիդատիվ սթրեսն ուղեղում:
Լրացուցիչ վերլուծությունը ցույց է տվել, որ պոտենցիալ պաշտպանիչ ազդեցության մոտ մեկ երրորդը կարող է կապված լինել հենց խոլինի հետ, սակայն մյուս սննդանյութերը նույնպես, հավանաբար, իրենց դերն ունեն:
Ընդսմին, հետազոտողները շեշտում են մի կարևոր հանգամանք. սա դիտողական հետազոտություն է: Այն արձանագրում է կապը, սակայն պատճառահետևանքային կապը չի ապացուցում: Պարզ ասած՝ չի կարելի պնդել, որ հենց ձուն է «պաշտպանում ուղեղը». հնարավոր է, որ այն մարդիկ, որոնք ձու են ուտում, ընդհանուր առմամբ վարում են ավելի առողջ ապրելակերպ կամ ունեն սննդակարգի այլ առանձնահատկություններ:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում